Ալիևի որոշումը․ սենսացիա՞, թե՞ Հայաստանը “անվերահսկելի տրանզիտ գոտու” վերածում

  • 16:43 21.10.2025

Այսօր Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Ինչպես պարզվել է, խոսքը ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանակետով ապրանքների շրջանառության մասին է, այլ երրորդ երկրների միջոցով տրանզիտի։ 

“Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը”, գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Այսօր նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է ասել, որ օրերս կսկսվեն Գյումրի-Կարս երկաթգծի վերագործակցման, նաև հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ քննարկումներ։

Բաքվի լրատվամիջոցները սենսացիա են անվանել Ալիևի որոշումը, իսկ քաղաքական գործիչնները միանգամից հայտնել, որ հիմա էլ Հայաստանի հերթն է։ Ինչ քայլ են Բաքվում սպասում Հաաստանից, ակնհայտ է․ մինչև այսպես կոչված “Զանգեզուրի միջանցքի” գործարկումը, որն, ըստ Ալիևի, կբացվի 2028-ի վերջերին, ապահովել Հայաստանի միջոցով անսահմանափակ տրանզիտ Թուրքիայի և Ադրբեջանի մեջ։

Ո՞ր երկաթուղով այն տեղի կունենա և ինչն է խանգարում նման տրանզիտը Իրանի կամ Վրաստանի միջոցով կազմակերպել՝ պարզ չէ։

Երեւանը և՞ս կվերացնի “սահմանափակումները” Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան գնացող բեռների համար, թե՞ կբացի սահմանակետ հենց Ադրբեջանի հետ։ Թեկուզ Հայաստանը վաղուց է հայտարարել, որ պատրաստ է սահմանակետերը բացել։ Մնում է մի փոքր մանրուք՝ որ Բաքուն էլ բացի սահմանակետը։ Հակառակ դեպքում Ալիևի “սենսացիան” կարող է վերածվել Հայաստանի տարածքը անվերահսկելի “տրանզիտ գոտու”։

Հայաստանի կարող է պնդել, որ Ռուսական երկաթուղին վերջապես կառուցի հայկական երկու երկաթգծերն իրար կապող Ֆիոլետովոյի մի քանի կիլոմետրանոց հատվածը, ինչը թույլ կտա Գյումրիից Վանաձորով բեռները հասցնել Դիլիջան և Տավուշ, այնտեղից էլ՝ Թովուզ։

Քանի չկա այդ շխթան, Հայաստանի տարածքով տրանզիտը անհասկանալի է դառնում, առավել ևս, որ գոյություն ունի մեծ ոգևորությամբ կառուցած Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթգիծը, որը 10 տոկոսով էլ չի ծանրաբեռնված։  Եթե Բաքվից Կարս բան կա տանելու, թող այդ երկաթգծով տանեն։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը։

«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,-գրել է  նա: