
Մինչ քննարկումներ էին ընթանում, թե ինչպես է Պուտինը Մոսկվայից Բուդապեշտ թռնելու, որ Լեհաստանը Պուտինի ինքնաթիռը կխփի, իսկ Բուլղարիան մեծահոգի բաց կթոցղի, Սպիտակ տունը հայտարարեց, որ Պուտին-Թրամփ հանդիպումը շուտով տեղի չի ունենա։
Ռոյթերսը նախկինում հաղորդել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը վտանգի տակ է։ Հրատարակության աղբյուրները դա մասամբ կապել են Մոսկվայի դիրքորոշման հետ, որը դեմ է անհապաղ հրադադարին։ «Ամերիկացիների համար պարզ է դարձել, որ Բուդապեշտում Թրամփի հետ համաձայնություն չի լինի», – ասել է աղբյուրը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կրկին հրաժարվել է դիվանագիտությունից, հենց որ ամերիկյան «Տոմահավկ» հրթիռների սպառնալիքը վերացել է։ Նրա խոսքով՝ Կրեմլը բանակցելու պատրաստակամություն է ցուցաբերում միայն այն ժամանակ, երբ զգում է իրական ռազմական և քաղաքական ճնշում։ «Հենց որ Պուտինը մի քանի շաբաթ առաջ զգաց իրական սպառնալիք և ճնշում, նա անմիջապես պատրաստակամություն ցուցաբերեց խոսել դիվանագիտության մասին։ Սակայն, հենց որ ճնշումը թուլացավ, ռուսները կրկին փորձում են խուսափել երկխոսությունից», – իր ելույթում ընդգծել է Զելենսկին։
«Ես ուզում եմ պաշտոնապես հաստատել, որ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը՝ համեմատած Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում երկարատև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Այս պայմանավորվածությունները հիմնված են այն ժամանակ ձեռք բերված համաձայնության վրա, որը նախագահ Թրամփը շատ հակիրճ ձևակերպեց, երբ ասաց, որ անհրաժեշտ է երկարաժամկետ, կայուն խաղաղություն, այլ ոչ թե անհապաղ հրադադար, որը ոչ մի տեղ չի տանի», – ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, ըստ ՏԱՍՍ-ի։
«Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ այս բանաձևին, և ես այն վերահաստատեցի երեկ [ԱՄՆ պետքարտուղար] Մարկո Ռուբիոյի հետ զրույցում», – շարունակել է Լավրովը։