Եթե ​​պետությունը չլուծի խնդիրը, արցախցիների փոքր ընտանիքները կհայտնվեն փողոցում

  • 11:02 22.10.2025

Արցախցիների սոցիալական վիճակը օրեցօր վատանում է: Շրջափակումը և Արցախում տեղի ունեցած այլ սարսափելի փորձությունները վերապրած մարդիկ այժմ հայտնվել են ծայրահեղ դժվարին իրավիճակում: Շատ ընտանիքներում կան հատկապես խոցելի խմբերի անդամներ՝ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլք: Ինչպես կարող են նրանք գոյատևել այս իրավիճակում, լուրջ հարց է։

Մեկ, երկու կամ երեք հոգուց բաղկացած փոքր ընտանիքների համար նույնպես դժվար է, քանի որ չեն կարողանում վճարել չափազանց բարձր բնակվարձը։

Այս տարվա ապրիլից ի վեր Արցախում միայն խոցելի խմբերն են ստանում համեստ ֆինանսական աջակցություն: Այս ծրագիրը կարող է երկարաձգվել կամ չերկարաձգվել 2026 թվականից՝ ամեն ինչ կախված է ՀՀ կառավարության քմահաճույքից: Արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագիրը չնչին գումարներ է նախատեսում տուն գնելու համար, ինչը դժվարացնում է նույնիսկ մեծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելը, առավել ևս՝ փոքրերի։

Լյուդմիլա Սարգսյանն արմատներով Հադրութից է: Նա բուժմասնագետ է: 1991 թվականին, երբ սկսվեց առաջին Արցախյան պատերազմը, Լյուդմիլան բժշկական ուսումնարանի վերջին կուրսում էր: Պատերազմի պատճառով նա չկարողացավ ձեռք բերել անհրաժեշտ տեսական գիտելիքները՝ նա անմիջապես անցավ պատերազմական պայմաններում գործնական պարապմունքների:

Լյուդան իր մասնագիտական ​​կարիերան սկսել է դաշտային հոսպիտալում։ Այնտեղ նա ձեռք է բերել մեծ փորձ, որը շարունակում է օգտակար լինել նրա աշխատանքի համար։ Նա վերապրել է չորս պատերազմ հայրենիքում, աշխատել է որպես բուժքույր՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։

2023 թվականի սեպտեմբերին Լյուդմիլան և նրա ընտանիքը երկրորդ անգամ ենթարկվեցին բռնի տեղահանման։

«Սեպտեմբերի 19-ին, կեսօրին, ես աշխատանքի էի Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ Լսելով օդային սիրենան և առաջին պայթյունները, ես և իմ գործընկերները արագ սկսեցինք կենտրոնի հիվանդներին տարհանել ապաստարան։ Մեր դեպքում ապաստանի համար ամենաապահով վայրը ջրաբուժության սրահն  էր։

Մենք կենտրոնում մնացինք մինչև սեպտեմբերի 24-ը, մինչև բոլոր հիվանդները հեռացան։ Այնուհետև ես վերադարձա տուն և սկսեցի ընտանիքիս հետ ճամպրուկները հավաքել։ Տնից դուրս եկանք սեպտեմբերի 26-ին՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հաջորդ օրը։ Երկար ժամանակ քաղաքում սարսափելի խցանումների մեջ էինք։

Այդ օրերին Ստեփանակերտում քաոս էր տիրում։ Օդը լցված էր ծուխով, քանի որ խուճապահար տղամարդիկ այրում էին իրենց զինվորական համազգեստներն ու փաստաթղթերը՝ վախենալով, որ իրենց թույլ չեն տա լքել Արցախը։ Կային շատ վիրավորներ և փախստականներ։ Արցախից արտագաղթի սարսափելի պատկերը դեռ աչքերիս առաջ է։

Ճանապարհը երկար ու տանջալից էր։ Մենք ուտելիք չունեինք, իսկ ջրի պաշարները աստիճանաբար սպառվում էին։ Մեզ հետ էր նաև իմ տարեց, հիվանդ մայրը, որը դժվարէր տանում ճանապարհը։

Ես շատ էի անհանգստանում ամուսնուս և որդուս համար, որոնք նույնպես մեզ հետ էին։ Վախենում էի, որ նրանք գերի կվերցնեն, բայց, փառք Աստծո, մենք հաջողությամբ անցանք անցակետը և երկուսուկես օրում հասանք Հայաստան։

Այժմ ապրում ենք Երևանում։ Վարձակալում ենք բնակարան՝ ամսական 180,000 դրամով։ Բարեբախտաբար, տեղահանումից որոշ ժամանակ անց ես աշխատանք գտա Ավանի հոգեկան առողջության կենտրոնում։ Ամուսինս աշխատում է շինարարության ոլորտում։

Քանի որ մենք վարձակալում ենք բնակարան և այս տարվա ապրիլից պետությունից սոցիալական օգնություն չենք ստանում, մեր ընտանեկան բյուջեի առյուծի բաժինը գնում է բնակվարձին։

Բնակարանային ապահովման ծրագրից օգտվելը մեզ համար անիրատեսական է, քանի որ մենք երեք հոգանոց ընտանիք ենք։ Ծրագրով նախատեսված գումարով մենք չենք կարողանա բնակարան գնել նույնիսկ մարզերում, առավել ևս՝ Երևանում։

Եթե ​​պետությունը բնակարանային հարցը չլուծի, մեծ հավանականություն կա, որ փոքր ընտանիքները պարզապես փողոցում կհայտնվեն։

Արցախցիների համար մեկ այլ խնդիր է փաստաթղթերի վերականգնումը, որը պահանջում է զգալի ժամանակ և գումար, ասենք՝ ծննդյան կամ ամուսնության վկայականները վերականգնելու համար։ Մի՞թե հնարավոր չէ պարզեցնել այս գործընթացը։ Այն դարձնել անվճար և արագացված։

Նույնը վերաբերում է քաղաքացիություն ստանալուն. ինչու՞ տանջել արդեն ուժասպառ ժողովրդին։ Եթե խոսքը միայն 070 կոդի մասին է, թող միանգամից հավաքեն բոլորի անձնագրերը և փոխեն կոդը՝ առանց հերթերի և ավելորդ բյուրոկրատական ​​քաշքշուկների։ Անգամ չեմ խոսում այն ​​մասին, որ անձնագրերի փոփոխման գործընթացն ինքնին մեզ ցավ է պատճառում և ստիպում է մոռանալ անցյալը։ Ի վերջո, արցախցիները Հայաստանի քաղաքացիներ են, և նրանք ունեն նույն կապույտ անձնագիրը, ինչ Հայաստանում բոլորը։

Այսպես ենք ապրում՝ ամեն օր դժվարություններ հաղթահարելով՝ ավելի լավ ապագայի և արագ տուն վերադառնալու հույսով, պատմել է Լյուդմիլան Step1.am-ի հետ հարցազրույցում։

Արսեն Աղաջանյան