Ադրբեջանը իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մեկ կածան չի ապաշրջափակել

  • 11:22 22.10.2025

«Երեկ պարզ դարձավ, որ վերջին երեւի 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն պիտի ներկրվի Հայաստան։ Ես երեկվանից կարդում եմ արձագանքները եւ զարմանում եմ, որովհետեւ ոնց որ վատ բան է տեղի ունեցել»,- ԱԺ նիստում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա դիմեց ընդիմությանը․ «Խնդրում եմ վեր կենալ եւ ուղիղ, առանց մանեւրելու ասել՝ տեղի ուենցածը Հայաստանի համար դրական զարգացում է, թե՞ ոչ»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց․ «Եթե ես ճիշտ եմ հիշում, ընդդիմության կողմից օգոստոսի 8-ի Վաշինգտոնի պայմանավորվածությանն ուղղված քննադատությունը հետեւյալն էր՝ սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, Հայաստանը ստանալու է ոչինչ։ Այս միակողմանի զիջելը ո՞նց է արտահայտվում, նենց, որ առաջինը Ղազախստանից կարողանում ենք դեպի Հայաստան ցորեն ներկրե՞լ, հա՞։ Դա միակողմանի զիջո՞ւմ է մեր կողմից։ Խնդիրը միայն ցորենը չէ, փաստն այն է, որ մենք վերջապես ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացա։ Եվ ես կարծում եմ, որ երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքն իրապես հեղափոխական բան է։ Պարզվում է՝ երեկ Ադրբեջանի նախագահն ասել է, որ սա եւս մեկ ապացույց է, որ խաղաղությունը ոչ միայ թղթի վար է, այլ իրականություն է։ Դուք սիրում եք, չէ՞, Ալիեւին ցիտել, ինչո՞ւ չեք գալիս ցիտեք, հերթով եկեք ցիտեք»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրականում Հայաստանի բոլոր ճանապարհները պետք է բացվեն, եւ 30 տարի Հայաստանը պայքարել է ապաշրջափակման համար։ «Հիմա ասում են՝ տեսեք, Արդբեջանով ցորենը գալիս է, ժամանակին Թուրքիայով սիրիական ցորենը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 1993 թվականին Թուրքիան փակի սահմանը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է, Իլհամ Ալիեւը, թե՞ Գեւորգ Պապոյանը։ Իլհամ Ալիեւը Ղազխստանում Տոկաեւի հետ հանդիպումից հետո ասում է՝ գիտեք, ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով գալու է Հայաստան, որից հետո Պապոյան Գեւորգը կրկնում է Իլհամ Ալիեւին։ Բայց այստեղ կարեւոր մի բան կա՝ առաջին պահին տպավորություն էր, որ երկաթգծով գալու է, մտնի Իջեւան։ Չէ, գալու է, հասնի Վրաստան, Վրաստանով մտնելու է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ իշխանություններն իրենց ձախողումները քողարկելու համար որոշել են հերթական անգամ հարձակում գործել ընդդիմության վրա։ «Պարզ է, թե ինչու է խաղաղությունից խոսում Ալիեւը, պարզ է, թե ինչու է խաղաղությունից խոսում այսօրվա իշխանությունը, որովհետեւ կա երկու նվաճող՝ դրսից Ալիեւը, ներսից՝ ՔՊ-ն, որը ժողովրդին խոստանալով Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, խաբեությամբ զավթել է իշխանությունը: Նույն Ալիեւը իր այդ հոգեցունց եւ ձեր աչքերին ու ականջներին հաճո գրության մեջ եւս մեկ անգամ հիշատակել է միջանցք բառը։ Մեր պահանջը բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումն է։ Բոլոր, դա ներառում է Հայաստան-Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջեւանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ անցումը կառուցված չէ, դա ներառում է Իջեւան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը։ Սա ներկայացնել որպես ապաշրջափակում, դա անամոթ կեղծիք է, Ադրբեջանը որեւէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մեկ կածան ապաշրջափակելու ուղղությամբ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս իշխանության սխալների հետեւանքով Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման հետեւանքով մեր ցորենի մատակարարման առնվազն 20 տոկոսը կորցրել ենք, եւ հիմա դրսից փորձում են ինչ-որ բան մուրալ։ «Իսկ կասե՞ք՝ էդ ցորենը, որ Բաքվից գալու է, ինչքա՞ն է գալու եւ ի՞նչ գնով է գալու»,- նշեց Խաչատրյանը։

Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան ասաց՝ Բաքվից ցորենն ավելի էժան է գալու, քան Ուկրաինայից։ «Մենք ոչ միայն կողմ ենք, որ բոլոր ճանապարհները միաժամանակյա բացվեն, այլ եթե մինչեւ այդ մեր համար կարան բաներ բացվեն, թող բացվեն, ի՞նչ խնդիր կա։ Վա՞տ է, որ ոչ միաժամանակյա, բայց մեզ համար բան է բացվում»,- ասաց Ռուբինյանը։