ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել էր Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը մանրամասներ հայտնեց իրենց հանդիպումից։
«Պետք է ասեմ, որ հանդիպումը շատ դրական եմ գնահատում, երկուստեք այդ ընկալումը կա, որ պետք է խորհրդարաններն իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու եւ խաղաղության իրականության մեջ ապելու տրամաբանությունը։ Իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը եւս կար, շատ դրական, ջերմ հանդիպում է տեղի ունեցել, պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկել ու առաջարկել երկուստեք։ Այդ հանդիպման ամբողջ բաներից մեկն այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, մեր ընկալման մեջ է, այլ նաեւ ադրբեջանական կողմի մեջ է։ Մի պահ խոսակցություն եղավ, օրինակ, ռազմական ագրեսիայի մասին, ասում են, որ կարող է սենց բան լինել, ասաց՝ հնարավոր չէ, ո՞նց, մենք այսքան քայլ ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցրել մեզ վրա»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ ադրբեջանցի գործընկերն ասա՞ց՝ ադրբեջանական զորքերը ինչո՞ւ են շարունակում օկուպացված պահել ՀՀ տարածքները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Որտեղ, որ ադրբեջանական զորքերն առաջ են, իրենք են հետ քաշվելու, որտեղ հայկական զորքերն են առաջ, մենք ենք հետ քաշվելու»։ Նա նշեց, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները Վրաստանից մինչեւ Իրան հասնելու են։
«Նախկինում ադրբեջանցի գործընկերոջս հետը վիճաբանություն էր տեղի ունեցել, ես ասել էի՝ Ջերմուկի ուղղությամբ եղել է ձեր հարձակումը եւ ի պատասխան իմ գործընկերը պատասխանեց, ասաց՝ այո, բայց մենք որեւիցե բնակավայր չենք մտել»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Ադբեջանի Մեջլիսի նախագահն ասե՞լ է, թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմը Սյունիքի ճանապարհը «միջանցք» անվանում։ «Ես դրա մասին հարցրել եմ, ի պատասխան հնչել է, որ միջանցք բառի մեջ ոչ մի վատ բան չկա, իրենք ուզում են, որ Ադրբեջանի միջով միջանցք անցնի՝ տնտեսական։ Ինչ վերաբերում է Զանգեզուրին, ասում է՝ դե տարածքն այդպես է կոչվում, դրա համար տարածքի անունով ենք ասում։ Բայց գործընկերս ասաց, որ վստահեցնում է՝ բազմաթիվ տեղեր իրենք TRIPP են ասում։ Կարծում եմ՝ ուղղակի խոսույթի տարբերության խնդիր է»,- ասաց Սիմոնյանը։