«Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում», – Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները:
«Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին: Սա հարկադրված որոշում էր: Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են», -նշել է Ռուբեն Վարդանյանը:
Նա նշել է, որ իրեն այդպես էլ չի թույլատրվել ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը:
«Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին» – նշել է նա:
Այն, որ 2 տարի շարունակ դատավարություններին մասնակցած Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց մասնակցել “ֆարսին”, կարող է վկայել, որ մինչ այս պահը հույս կար, որ միջազգային ճնշման տակ կամ Հայաստանի հետ “խաղաղություն” հաստատելու ընթացքում Բաքվում պահվող գերիներն, առաջին հերթին Ռուբեն Վարդանյանը, կարող են ազատվել։ Սակայն Վարդանյանի հրաժարումը՝ մասնակցել “ֆարսին” խոսում է այդ հույսերի մարման մասին։
Օրերս Երևանում էր Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը, որը հանդիպել է Փաշինյանին և, հավանաբար, հուսադրող լուր չի լսել։ Փաշինյանի կառավարությունը հավաստիացնում է, որ ամեն ինչ անում է “Բաքվում պահվող անձանց” ազատության մեջ տեսնելու համար։ Նույն կառավարությունը մեղադրում էր գերիության մեջ հայտնված մարդկանց, որ 2023-ի օգոստոսին չեն լսել Հայաստանի կառավարությանը, իշխանափոխություն են արել և չեն համաձայնվել “ինտեգրվել” Ադրբեջանի հետ։