Թրամփը պլանավորում էր մինչև հոկտեմբերի վերջը ևս մեկ հանդիպում անցկացնել Պուտինի հետ։ Սակայն, հոկտեմբերի 22-ին, Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ճեպազրույցի ժամանակ, ԱՄՆ նախագահը պաշտոնապես հայտարարեց մամուլին, որ Պուտինի հետ հանդիպումը մոտ ապագայում հաստատ տեղի չի ունենա։ Պուտինը իր հերթին երեկ միջուկային զենքի փորձարկումներ էր անում։
Ըստ Թրամփի, հանդիպումը չեղարկվել է, քանի որ «մենք չէինք հասնի այն արդյունքին, որին պետք է հասնենք»։ Հանդիպումն այնուամենայնիվ ցանկալի արդյունքի չէր հանգեցնի։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ միշտ «լավ» զրույցներ է ունենում Պուտինի հետ, բայց դրանք դրական արդյունքների չեն հանգեցնում։
ԱՄՆ նախագահը կողմ է առաջնագծում իրավիճակի սառեցմանը, որտեղ ներկայումս տեղակայված են Ուկրաինայի և Ռուսաստանի զինված ուժերը, սակայն Պուտինը համաձայն չէ և պահանջում է ամբողջ Դոնեցկի մարզը։
Երեկ Թրամփը պատժամիջոցներ կիրառեց «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» դեմ։ Մինչդեռ, ամերիկացի սենատորները համաձայնության եկան սանկցիաների փաթեթի շուրջ, որոնք մեծացնում են Մոսկվայի վրա ճնշումը, իսկ ԵՄ-ն հաստատեց պատժամիջոցների 19-րդ փաթեթը։
ԱՄՆ-ում հաստատված փաստաթղթերից մեկը Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելու մասին է։ Մեկ այլ փաստաթուղթ կբարելավի սառեցված ռուսական ակտիվների օգտագործման մեխանիզմը՝ Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորելու համար։
Սենատը ներկայումս չի կարողանում քվեարկության դնել նախաձեռնությունները՝ կառավարության ժամանակավոր փակման պատճառով։
Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելը ավտոմատ կերպով կհանգեցնի առևտրի, ներդրումների և տեխնոլոգիաների արտահանման լրացուցիչ սահմանափակումների, ինչպես նաև կմեծացնի ճնշումը Մոսկվայի հետ համագործակցող երրորդ երկրների վրա։
ԵՄ երկրները ևս հաստատել են Բրյուսելի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 19-րդ փաթեթը: Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ նոր պատժամիջոցների փաթեթը կուղղվի Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտներին և այն գործընկերներին, որոնք օգնում են նրան խուսափել սահմանափակումներից: Միջոցառումները ներառում են հարվածներ «ստվերային նավատորմի», ռուսական բանկերի, կրիպտոարժույթների բորսաների և չինական նավթավերամշակման գործարանների դեմ:
Ըստ The Wall Street Journal-ի՝ Թրամփի վարչակազմը վերացրել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանում ռազմական թիրախների դեմ արևմտյան արտադրության հեռահար հրթիռների օգտագործման վերաբերյալ հիմնական սահմանափակումները: Ավելի ուշ Թրամփը հերքել է WSJ-ի պնդումները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները որևէ կապ չունի այդ հրթիռների (Storm Shadow – խմբ.) կամ Ուկրաինայի կողմից դրանց օգտագործման հետ: