“Այս երկու տարիներին չկարողացա հարմարվել։ Ապրում եմ ինքս ինձ հետ կռիվ տալով”

  • 13:54 23.10.2025

 Երևանիսիթի”-ներից մեկում պատահական հանդիպեցի արցախցի իմ հին ծանոթներին։ Ամուսինները շիվար կանգնած նայում էին դեպի աչք շլացնող ցուցափեղկերը հավանաբար մտածում էին՝ ինչ կարող են իրենց թույլ տալ գնելու։

Մինչ կմոտենայի նրանց՝ մի պահ հիշողությունների գիրկն անցա Արցախում երկուսն էլ աշխատում էին պետական համակարգում հարգված մարդիկ էին, բանիմաց մասնագետներ։ Աշխատանքի հետ համատեղ զբաղվում էին նաև հողագործությամբ։ Շրջափակման օրերին ձեռք էին մեկնում շատշատերին՝ հողի բարիքներից բաժին հանելով մարդկանց։ Ապրում էին երկուսով։

Կտրվելով մտքերից՝ մոտեցա նրանց երկա՜ր ողջագուրվեցինք։ Կինը չէր կարողանում զսպել արցունքները, ամուսինը կոտրված հայացքով փորձում էր հանգստացել կնոջը։ Զգացվում էր, որ շատ նեղված էին ու ծանոթ մարդու տեսնելով՝ միանգամից փուլ եկան։

Կինը, մի կերպ հանդարտվելով, սկսեց խոսել

-Երբեմն ինձ թվում է, թե մղձավանջային երազի մեջ եմ ու չեմ կարողանում զարթնել։ Ախր ինչո՞ւ այսպես ստացվեց․ ապրում էինք մեզ համար, ո՞ւմ էինք խանգարում։ Արցախում ամեն ինչի տեր էինք։ Ունեինք տուն, գործ, ընկերներ, հայրենի հող, նախնիների շիրիմներ։ Ամեն ինչի կարոտ մնացինք․․․

Տեղահանվելուց հետո երեք անգամ բնակարան ենք փոխել։ Երբ եկանք, մի քիչ գումար ունեինք տնտեսած։ Ստիպված էինք այն բնակվարձերի համար օգտագործել՝ երեք անգամ գործակալի գումար վճարելով, ինչպես նաև կանխավճար տալով տանտիրոջը։ Այժմ ապրում ենք մեկ սենյականոց բնակարանում, որի համար վճարում ենք 90000 դրամ՝ իհարկե, երկար բանակցելուց հետո։

Ամուսինս անմիջապես մտել է աշխատանքի ու մինչ այսօր պահակ է աշխատում՝ ստանալով 120000 դրամ աշխատավարձ։ Ոչ մի աջակցությունից չենք օգտվում, որովհետև չենք ընդգրկվում համապատասխան խմբերի մեջ։ Ինքս 60-ին մոտ եմ։ Մի վարսավիրանոցում հավաքարար եմ աշխատում՝ ստանալով 60000 դրամ աշխատավարձ։ Դե պատկերացրեք մեր վիճակը։

Կենցաղային բոլոր դժվարություններին գումարվում է նաև արցախցիներիս հանդեպ երբեմն տածվող անբարյացակամ վերաբերմունքը (իհարկե, ոչ բոլորի կողմից)։ Գուցե խնդիրն իմ մեջ է՝ չգիտեմ, գուցե որոշ ժամանակ հետո կկարողանամ հարմարվել իրականությանը։ Այս երկու տարիների ընթացքում չկարողացա հարմարվել։ Ապրում եմ ինքս ինձ հետ կռիվ տալով։ Չեմ համակերպվում, որ ոչինչ չունեմ, ամեն ինչ թողել ու դուրս եմ եկել իմ երկրից։ Նման մտքերից հետո ինքս ինձ նախատում եմ, կուչ գալիս իմ մեջ՝ բա նրանք ինչ ասեն, որ մարդկային կորուստներով են լքել Արցախն ու ապրում են կրկնապատկված ցավով։ Ինչքան մտածում եմ՝ արցախցիներիս ցավն անցնող չէ, այն մշտարթուն է։ Ինչ մնում է ՀՀ քաղաքացիություն ընդունելուն, դեռ չենք դիմել, որովհետև չենք կարծում, որ դա երկու հոգանոց մեր ընտանիքի խնդիրներին լուծում կտա։

Չէի ցանկանում ընդհատել կնոջը, ով խոսելու մեծ կարիք ուներ։ Այդ ընթացքում ամուսինն աչքերը չէր հեռացնում կնոջից՝ դրանով ասես պաշտպանելով և ուժ տալով նրան։ Չգիտեի՝ ինչ ասել, ոնց փարատել նրանց, ինչպես ասել, որ շատերն են նրանց կարգավիճակում՝ առանց աշխատանք, առանց աջակցություն, առանց տուն։ Զույգի կարգավիճակն այլ էր՝ Աստված նրաց զավակներ չէր պարգևել․․․ Կինը միանգամից լռեց՝ հոգնատանջ ձայնով հարցրեց ամուսնուն՝ ի՞նչ պետք է գնենք խանութից, արի շուտ դուրս գանք այստեղից, օդը չի հերիքում։

Իրար հրաժեշտ տվեցինք նրանք գնացին մի ուղղությամբ, ես՝ այլ։ Չկարողանալով թաքցնել ծանր մտատանջումներս՝ հետ նայեցի։ Մարդ ու կին, իրար թևանցուկ, դուրս եկան խանութից։ Նրանց ձեռքին մեկ հաց էր ու մի կտոր պանիր։

ՀԳ

Ամուսինների խնդրանքով անունները չենք բարձրաձայնում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ