Գրքի հրատարակման մասին հայտարարեց Հայաստանի և Արցախի Հանրապետության գրողների միության անդամ, Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը։
“Վերջին հինգ տարում նյութապես ու բարոյապես աջակցել եմ արցախցի և հայաստանաբնակ իմ գրչընկերների տասից ավելի գրքերի հրատարակմանը։ Սիրով եմ կցվել դրանց լույս ընծայմանը, որովհետև համոզված եմ եղել՝ բոլորն էլ գրական, գիտական ու վավերագրական կարևորության գործեր են։
Վերջապես ինքս ինձ հիշելով, առանձին գրքի տեսքով հրատարակել եմ նաև իմ հեղինակած ստեղծագործություններից մի փունջ։ Ավելի ստույգ՝ 14 պատմվածքներից կազմված մի փոքրիկ ժողովածու։ Դրանք բացառապես արցախյան թեմաներով պատմվածքներ են՝ սկսած քիրվայության ժամանակներից, մինչև արցախյան հերոսամարտ, դաժան շրջափակում և բռնագաղթ։
Պատմվածքների մի մասը թերևս ընթերցողին ծանոթ է իմ նախորդ գրքերից, մյուսները նոր եմ գրել։ Ուղղակի թեմատիկ ամփոփման եմ բերել հին ու նոր գործերը, կամ ինչպես գրքի անոտացիայում է նշված՝ փորձել եմ ստեղծել մի կենսատարածք, որտեղ իրադարձությունները և կերպարները դրսևորվում են նույն ժամանակի և հասցեի մեջ՝ գնահատման բերելով իրար շարունակող սերունդների հաղթանակներն ու հուսահատությունները․․․
Ավելացնեմ միայն, որ գիրքը վաճառքի ենթակա չէ, և հաճույքով կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր հասկանում և իրապես գնահատում են գեղարվեստական արձակը”, ասել է Կիմ Գաբրիելյանը։