Հոյակապ նորություն Ստեփանակերտի Փափազյանի անվան թատրոնից

  • 21:46 23.10.2025
Սիրելի մարդիկ,
Լավ նորություն ունենք՝ հատկապես թատերասերների և հատկապես Արցախի մայր թատրոնի հավատարիմ հանդիսատեսի համար։
Մեծ հուզմունքով, բայցև մեծ ոգևորությամբ ենք գրում այս հրապարակումը, որովհետև, գոնե մեզ համար, սա իսկական իրադարձություն է․ Արցախը ապրեցնելու ևս մեկ գաղափար կյանքի է կոչվել։
Հայաստանի թատերական գործիչների միության և “ԴԻԱԼՈԳ” կազմակերպության, նրանց ղեկավարներ Հակոբ Ղազանչյանի և Յուրի Նավոյանի համագործակցության, ջանքերի և աջակցության շնորհիվ Երևանում դրվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակազմավորման հիմքը։
Ահա այսպես՝ սրտացավ և նվիրական մարդկանց շնորհիվ, Արցախի մշակույթի ու պատմության արժեքը հասկացող մարդկանց ջանքերով, մենք՝ տասներեք հոգանոց խմբով, արդեն վերսկսել ենք մեր գործունեությունը և շատ մոտ ապագայում պատրաստվում ենք Ձեր դատին հանձնել մեր առաջին ներկայացումը։
Մեծ հույսեր ունենք, որ ապագայում կկարողանանք ընդլայնել մեր թիմը՝ ներգրավելով նաև թատրոնի մյուս կոլեգաներին։
Առաջին ներկայացումը, որով հանդես կգանք նոյեմբերի 12-ին, պատահականորեն ընտրված չէ․ դա արցախյան բարբառով, Արցախի համ ու հոտով ստեղծագործություն է, որը թույլ կտա մեզ և Ձեզ վերապրել այն ուրախ ու լուսավոր օրերը, որոնցում ապրել ենք և դեռ կապրենք։
Ներկայացման հիմքում Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունն է։ Ինձ համար ամենակարևորը այս ներկայացման միջոցով առիթ ստեղծելն է, որպեսզի մեր տանջված ու հոգսաշատ ժողովուրդը թեկուզ կարճ ժամանակով ապրի ուրախության և ջերմության պահեր։
Մեր մեծ ցանկությունն է՝ հիշողության թևերով Ձեզ տուն տանել ոչ թե ցավ ու տխրություն, այլ՝ ծիծաղ և ուրախություն պարգևելու ակնկալիքով։
Իսկ այստեղի մեր հայրենակիցների համար սա հիանալի հնարավորություն է՝ հաղորդակիցը դառնալու Արցախի բարբառի համ ու հոտին, նրա պարզ ու անմիջական մարդկանց, միջավայրին և առօրյային։
Արցախն ապրելու է, քանի ապրում է նրա մշակույթն ու ավանդույթները և այդ ամենն արժևորող հայրենանվեր մարդիկ։
Հ.Գ Ներկայացման ժամի, վայրի, տոմսերի ձեռք բերման և տեխնիկական մյուս բոլոր հարցերի պատասխանները կգտնեք մոտ ապագայում` Ստեփանակերտի Մայր թատրոնի ՖԲ պաշտոնական էջում։