
Hetq.am-ի տվյալներով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025թ. հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացրել Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի գործով՝ կիրառելով հրատապ միջոց: Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Անաստասիա Մակարյանը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, այն, որ կարող են վտանգի տակ դրվել Կ. Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, 2025թ. սեպտեմբերի 17-ին դիմում են ուղարկել ՄԻԵԴ՝ Կարեն Ավանեսյանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին, որպեսզի ՄԻԵԴ-ը պարտավորեցնի Ադրբեջանին պաշտպանության տակ վերցնել Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, ապահովել արտաքին աշխարհի հետ կապը՝ հնարավորություն տալով զանգահարել իր միակ քրոջը, որն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, և Երևանում գտնվող փաստաբաններին:
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը 2025թ. սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ: Իբր՝ Ավանեսյանին ձերբակալել են այն ժամանակ, երբ ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին և զինված դիմադրություն է ցույց տվել: Այդ օրը Արցախ է այցելել Ալիևը: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ավանեսյանը հրազենային վնասվածք է ստացել պատասխան կրակի հետևանքով ու ձերբակալվել:
Արա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Եվրոպական դատարանը շատ արագ հաղորդակցել է դիմումը: Ադրբեջանն ուղարկել է դիմումի պատասխան, որ Կարեն Ավանեսյանի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: ՄԻԵԴ է ուղարկել նաև Կարենի լուսանկարները, որոնք կասկած են հարուցել հայ փաստաբանների մոտ:
Մասնավորապես՝ փաստաբանները կարծում են, որ դրանք բեմականացված են, ինչպես ամբողջ պատմությունը, այդ թվում նաև բանտային պայմանները։ Օրինակ, տրամադրել են լուսանկարներ, թե ինչպես է Կարենը օգտվում բանտի գրադարանից, մարզասարքից, համացանցից, այնպես, կարծես ոչինչ չի վկայում, որ նա հրազենային վիրավորում ստացած անձ է։ Փաստաբան Ա. Ղազարյանը նշում էր, որ լուսանկարների փոխարեն կարելի էր առնվազն մեկ զանգի հնարավորություն տալ, որ նա զանգահարեր իր քրոջը կամ Հայաստանում գտնվող իր փաստաբաններին։
Փաստաբանների կողմից դիմումը ՄԻԵԴ ուղարկելուց հետո Կարեն Ավանեսյանի ներկայացուցչությունը ստանձնել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ստեփանակերտի թաղային կոմիտեի նախագահ Արինա Ոսկանյանը, ով Կարենի հարևանուհին է եղել Արցախում, սոցիալական աջակցություն ու խնամք է ցուցաբերել Կարենի նկատմամբ, և Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ղեկավարած «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն: Ի դեպ, Արինա Ոսկանյանը միակն է եղել, որ մանկուց ճանաչել է Կարեն Ավանեսյանին: