
Սյունիքի ու Դիլիջանի անտառները միանգամից Քոլատակի Ցեխ ծյորն են հիշեցնում: Գուցե Հայաստանի անտառներն ավելի թավ են, ավելի ընդարձակ, բայց մեկ է, Աստված ամեն ծառ տնկել է այնտեղ` որտեղ կամեցել է եւ թողել, որ ամեն մեկն իր աշունով ուրախանա (եթե չխանգարեն):
Իջեւանցի մի ընկեր ասում էր՝ դու դեռ այնտեղի անտառները չես տեսել, երբ անցնում էինք Մարտակերտներով: Մի ստեփանակերտցի ընկեր էլ “բողոքում էր”, որ Երեւանի ծառերից էներգիա չի ստանում եւ ուզում է Ղարաբաղ գնալ. “Սաղ Երեւանն Ամերիաբանկի էս ծառի մոտ սելֆի ունի, ասես էլ ուրիշ ծառ չկա: Կա՞ բայց”, հարցնում էր նա:
Մեկ այլ երեւանցի ընկեր էլ զարմանքով մի դեպք էր պատմում, երբ խմբով Եվրոպայում էին եւ հետները մի ստեփանակերտցի աղջիկ կար: “Ձեր մոտից մի աղջիկ կար հետներս, Վիենայում քայլում էինք, նայեց-նայեց, մեկ էլ որ չասաց “դե ստեղ ի՞նչ կա, մեր Սծիպանակերտը սրանա հազար անգամ ղաշանգյ ա”, ծիծաղից մեռել էինք, պատմում է նա:
Բայց ի՞նչ կա ծիծաղելու, beauty in the eye of the beholder ինչպես ասում են:
Ընկեր, բարեկամ երբ մի շոր են տալիս, չնայած հագնում, բայց քեզ մեջը չես զգում, կամ անհարմար ես զգում, չնայած գիտես, որ սրտանց են տալիս: Հայաստանը մրսած արցախցիներին շոր է նվիրել, ընդ որում, բառի թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով, բայց ի՞նչպես են զգում նրանք դրա մեջ:
Մարութ Վանյան
Լուսանկարներ: “Վերջին աշուն”