
«Երբ նայում ենք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ է կատարվել, ես նորից ասում եմ՝ բանակն ի վիճակի է եղել պաշտպանել մեր հայրենիքը»,- ԱԺ նիստում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ հակառակորդը գլխավոր հարվածի ուղղությամբ հասել է մինչեւ Շուշի՝ ուղիղ գծով 52 կմ, մինչեւ Գորիսի Սեւ լճեր՝ 92 կմ, Գորիս-Կապան եւ Մեղրի՝ 80-85 կմ։ Դրանք այն ուղղություններին էին, որտեղ ՀՀ իշխանությունները պետք է մոբիլիզացնեին ու բանակին թիկունք կանգնեին, բայց չեն արել։
Օհանյանն ասաց, որ ինչ էլ ասեն իշխանությունները, 285 կմ-ից 265 կմ-ն մեկ ամսվա ընթացքում պահպանվել էր։
«Եվ հիմա այսօր դատվում է միայն բանակը, ինչո՞ւ։ Ես այդ հարցը տվել եմ իրավապահ մարմիններին, ասել եմ՝ խնդրում եմ, ասեք՝ քրեական գործերից քանի՞սն են վերաբերում բանակին, քանիսը՝ այլ գերատեսչություններին։ Ոչ մի պատասխան մենք չենք ստացել»,- նշեց Օհանյանը։
Անդրադառնալով Արցախին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ Արցախն ինքնորոշվել է այնպես, ինչպես ինքնորոշվել են խորհրդային միության մյուս հանրապետությունները։ Եվ Արդբեջանի տարածքային ամբողջականությունը երբեւիցե կապ չի ունեցել Արցախի ինքնորոշման իրավունքի հետ։
«Պետք չէ խեղաթյուրել, այդ պայքարը եղել է հայ ժողովրդինը, այդ պայքարը եղել է Արցախինը։ Մեզ պարտադրված պատերազմում մենք կարողացել ենք հաղթել, այնուհետեւ բանակցություններն այդ ուղղությամբ շարունակել։ Ռեալ անկախությունը Արցախի հետ միասին եղել է այն ժամանակ, ոչ թե պարտությունից հետո, ոչ թե հիմա՝ Ադրբեջանի կողմից պարտադրված ճնշումների ներքո համապատասխան քայլերի գնալով»,- ասաց նա։