
Վարչական դատարանը որոշում է կայացրել Արցախից բռնի տեղահանված Մերի Ղարայանի գործով։ Վարչական դատարան ներկայացված այս հայցի հիմքում այն պահանջն է, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել հայցվոր Մերի Ղարայանին։ Դատարանը մերժել է Մերի Ղարայանի այդ պահանջը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում 120 հազար արցախցի տեղահանվել եւ տեղափոխվել է ՀՀ, որոնց թվում է եղել նաեւ Մերի Ղարայանը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Արցախի բնակիչ Մերի Ղարայանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։ Մերժման հիմքը հետեւյալն է․ «ԼՂ-ից բռնի տեղահանված ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման երկրորդ կետով սահմանված է, որ տվյալ որոշումը չի տարածվում որոշման առաջին կետում նշված, բայց այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։ Հիմք ընդունելով վերանշյալ իրավական կարգավորումները եւ հաշվի առնելով, որ դուք հադիսանում եք ՀՀ քաղաքացի, կառավարության որոշման շրջանակներում ձեզ ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են»։
Բռնի տեղահանված Մերի Ղարայանն ու նրա փաստաբանը պնդում են, որ բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ունեն ՀՀ քաղաքացու անձնագրեր, այդ դեպքում ինչո՞ւ է արցախցիների մեծամասնությանը տրամադրվել փախստականի կարգավիճակ, իսկ Մերի Ղարայանի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվել։
Անդրադառնալով Վարչական դատարանի կայացրած որոշմանը՝ Մերի Ղարայանի ներկայացուցիչ Մարատ Եգանյանը step1.am-ի հետ զրույցում ասաց․ «Դատարանն ասում է՝ մերժում եմ, որովհետեւ ոչ մի «իրական» իրավունք հայցվորը չի ստանալու այդ հայցի բավարարմամբ, քանի որ պաշտպանության տակ գտնվողները չունեն այնպիսի իրավունքներ, որոնք չունեն ՀՀ քաղաքացիները։ Դատարանի որոշման մեջ գրված է․ «մասնավորապես, չի հաստատվել հայցվորի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց համեմատ՝ նվազ բարենպաստ պայմաններում հայտվելու հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ միաժամանակ, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված չլինելու հիմքով»։
Բայց իրականությունն այն է, որ մենք մի քանի անգամ նշել ենք, թե հայցվորի կոնկրետ որ իրավունքներն են խախտվել։ Մասնավորապես, հայցվոր Մերի Ղարայանը զրկված է որոշ սոցիալական աջակցության ծրագրերից, որոնք հասանելի են ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձի կարգավիճակ ունեցող այլ ՀՀ քաղաքացիների։ Մասնավորապես, հայցվորին չեն հաշվառում իր 070 կոդով վավեր անձնագրով, ուզում են ստիպել, որ ինքը փոխի այդ անձնագիրը, մինչդեռ, մնացածները, ովքեր այդ պաշտպանությունն ստանցել են, այդ հնարավորությունն ունեն։ Բացի դրանից, քանի որ հայցվորին հրաժարվում են հաշվառել, նա չի կարողանում աջակցության վերջին ծրագրից օգտվել (40+10)։ Այսինքն՝ դատավորն ասում է, որ ոչ մի իրավունք չի խախտվել, մինչդեռ, անձնագրայինը Մերի Ղարայանին չի հաշվառում, եւ այդ հիմքով ինքը չի ստանում սոցիալական աջակցություն»,- ասաց նա։
Մարատ Եգանյանը նշեց, որ ժամանակին նույնիսկ հայցի ապահովման միջոց են ներկայացրել դատարան, որտեղ հստակ ներկայացրել են, թե Մերի Ղարայանի որ իրավունքներն են խախտվել, որ ծրագրերից նա չի կարողանում օգտվել։ Բացի այդ, նա չի կարողանում նորմալ աշխատանքի ընդունվել։
«Մերի Ղարայանը զրկված է ահագին գումարներից։ Մենք նաեւ վեճ ունենք դատարանում, որտեղ Մերի Ղարայանը ոչ միայն պահանջում է, որ իրեն իր անձնագրով հաշվառեն, այլ նաեւ պահանջում է, որ փոխհատուցեն այդ հիմքով չստացած սոցիալական աջակցության գումարները»,- նշեց նա։
Մարատ Եգանյանի խոսքով՝ դատարանի այս որոշումը նաեւ դռներ է բացում, որ Մերի Ղարայանն իր անձնագրով ու փաստաթղթերով կարողանալու է օգտվել բոլոր իրավունքներից, որոնք հասանելի են բոլորի համար։
Արցախցիներն այս դատավարության շրջանակներում շեշտադրում են այն հանգամանքը, որ իրենք ՀՀ քաղաքացի են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման համաձայն։
Մարատ Եգանյանն ասաց, որ ըստ էության դատարանի այս վճռի ենթատեքստը դա նույնպես ընդունում է։
Մարատ Եգանյանը նշեց, որ մտադիր են բողոքարկել դատարանի այս որոշումը, որովհետեւ դատարանը «ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է գրի առել եւ դրանց հիման վրա կայացրել է սխալ վճիռ»։
Ռոզա Հովհաննիսյան