«Ստերիլ» հակամարտություն. ինչու՞ Ալիևը թույլ տվեց «քաղաքացիական շփում» հայերի հետ

  • 19:51 24.10.2025

Բաքվի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների ժամանումը Հայաստան աննկատ կմնար, եթե «հյուրերի» շարքում չլիներ մի կին, որն անմիջականորեն ներգրավված էր Բերձորի միջանցքի շրջափակման մեջ։ Սակայն հենց այս կնոջ մասնակցությունն էր, որ կրում էր հանդիպման հիմնական ուղերձը՝ որպես նվաստացման, ագրեսիայի և բռնապետության նշան։

Արցախյան հակամարտությունը շատերից տարբերվում էր իր «ստերիլ» տարանջատմամբ. 1988 թվականից ի վեր Հայաստանում, այդ թվում՝ Արցախում, գրեթե ոչ մի ադրբեջանցի չի մնացել, իսկ Ադրբեջանում՝ ոչ մի հայ։ Չնայած քաղաքացիական հասարակության մակարդակով շփումներ եղել են մինչև 2000 թվականը, Ալիև կրտսերի պաշտոնավարումից հետո այդ շփումները Բաքվում սկսեցին ընկալվել որպես դավաճանություն։ Բաքվի շատ լրագրողներ և ակտիվիստներ բանտարկվեցին հայերի հետ շփվելու համար, այդ թվում՝ Ֆաթուլաևը, որն այժմ Haqqin.az-ի խմբագիրն է․ երեք տարի բանտնստելուց հետո նա դարձավ Ալիևի գլխավոր խոսափողը։ Նա այցելել էր Ստեփանակերտ և փորձել օբյեկտիվորեն գրել Խոջալուի իրադարձությունների մասին։

Հայկական կողմը, այդ թվում՝ Արցախում, երբեք չի հրաժարվել կոնտակտներից, իսկ Բաքվի ակտիվիստների կողմից Հայաստան հազվադեպ այցելությունները նշանակալի իրադարձություններ չէին։ Բաքու այցելությունները ավելի քիչ էին, բայց հաճախ ավարտվում էին սկանդալով։

Արցախյան իրավապաշտպանների Բաքու այցելությունների փորձը ի ցույց էր դնում Բաքվի մտադրությունը՝ նվաստացնելու, ահաբեկելու և համայնքների միջև ուղիղ շփումը կանխելու համար: Կարեն Օհանջանյանի օրինակը, որը Բաքվում բռնության էր ենթարկվել և օդանավակայանից դուրս չգալով վերադարձել էր տուն, չի մոռացվել։ Բոլորը ականջին օղ են արել։

Տարածաշրջանային հանդիպումների ժամանակ Բաքվի կողմը ասում էր, որ չի կարող բացահայտ քննարկել խաղաղապահ նախագծերը հայրենիքում, չնայած դա չի խանգարել նրանց ստանալ բազմաթիվ միջազգային դրամաշնորհներ: Նրանք իրենց ագրեսիան և հաղորդակցվելուց խուսափելը նույնպես բացատրում էին նրանով, որ իրենք պարտվող կողմն են: Հայ քաղակտիվիստները, իրենց հերթին, փորձում էին խուսափել որպես հաղթած կողմ ներկայանալուց։

Այժմ, երբ դերերը փոխվել են, Բաքվի քաղաքացիական հասարակության ակտիվիստները (խոսքը ոչ բոլորի, այլ ուղղորդվող մասի մասին է) շարունակում են ցուցաբերել ագրեսիա և դաժանություն (քաղաքացիական «էկակտիվիստների» կողմից Արցախի իննամսյա շրջափակումը ապացույց) և շարունակում են վախենալ բացահայտ շփվել հայերի հետ և հրապարակայնորեն մասնակցել համատեղ նախագծերին: Հայ թշնամու կերպարը, որի վրա կառուցված է Ալիևի համակարգը, կարող է շատ արագ քայքայվել նման շփումներից։

Հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա, պաշտոնական սահմանափակումների չեն բախվել այն հանդիպումների և նախագծերի կապակցությամբ։

Այժմ Հայաստանի իշխանությունները հպարտ խոսում են Բաքվի և Երևանի միջև շփումների մասին որպես մեծ նվաճման: Այս «նվաճման» էությունը Հայաստանի դարպասների բացումն է հակահայկական հանցագործություններին անմիջականորեն ներգրավված անձանց համար, և Ալիևի կողմից չափավոր շփումների թույտվությունը, որոնց նպատակը նույնն է՝ նվաստացում, ահաբեկում և իսկական քաղաքացիական հաղորդակցությունների տորպեդահարում: Հակառակ դեպքում Հայաստան այլ մարդիկ կգային։

Վերադառնալով Արցախյան հակամարտության «ստերիլ» կողմին՝ հիշենք, որ չնայած գրեթե երեք տարվա պատերազմին, ուկրաինացիները խաղաղ ապրում և աշխատում են Ռուսաստանում, ինչպես որ ռուսները շարունակում են ապրել Ուկրաինայում: Աբխազիայում կա մի ամբողջ Գալի շրջան, որը բնակեցված է վրացիներով, իսկ Վրաստանի և Աբխազիայի միջև կա ցամաքային անցակետ՝ Էնգուրիի անցակետը: Իսրայելցիներն ու արաբները ապրում են Երուսաղեմում՝ չնայած չընդհատվող պատերազմներին:

«Ստերիլիզացիան» Հայաստանում և Ադրբեջանում հանգեցրել է նրան, որ երկու հասարակությունները պարզապես չեն կարողանում պատկերացնել կողք կողքի խաղաղ ապրելը: Ավելին, Բաքվից եկած քաղաքացիական պատվիրակությունների կազմը բնավ չի վկայում խաղաղ մտադրությունների մասին: