Ոստիկանությունը բերանը փակելով դուրս հանեց քահանային

  • 11:46 26.10.2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կարգալույծ հռչակված քահանայի Հովհաննավանքի պատարագին: Այստեղ են գործադիրի ու օրենսդիրի ներկայացուցիչները:

Նախքան պատարագի մեկնարկը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էմմա Պալյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Վեհարանը վերադարձնելու ենք վեհին: Այն մարդիկ ովքեր հոգևորականության հետ կապ չունեն, րոպե առաջ հեռանալու են եկեղեցուց՝ առանց քաղաքական մոտիվների: Վեհը առաջիկայում պարզ կլինի՝ ով է»: Պալյանն ասաց, որ որևէ թեկնածու չունեն այս պահին:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ ասաց. «Ես գնալու եմ Հայ Առաքելական եկեղեցին ազատագրելու ճանապարհով և այսօր այստեղ եմ ոչ միայն կիրակնօրյա պատարագի համար, այլև ի աջակցություն Տեր Արամի»:

Հովհաննավանքից քիչ առաջ անվտանգության աշխատակիցները բռնի ուժով, բերանը փակած, հեռացրեցին մի քաղաքացու։ Նա պատարագի ժամանակ, որին ներկա էր նաեւ Փաշինյանը, բազմության միջից բղավել էր.  «Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»: Արդեն բակում ոստիկանները նրան հրելով դուրս հանեցին բազմության մեջից եւ հեռացրին եկեղեցու տարածքից՝ լրագրողներին ասելով, թե տանում են առանձին զրուցելու: