Արարատ Միրզոյան. 1991 թվականից սկսած ՀՀ տարածքը նույնն է

  • 15:26 27.10.2025

Նկարում՝ Շուշի, 2020 թ․ մայիս

«Ես եւ մեր հանրությունը ձեզանից երկու կարեւոր խնդրի լուծում է ակնկալում՝ մեր սուվերեն տարածքներից Ադրբեջանի դուրս գալը, օկուպացված տարածքների հարցը եւ երկրորդը՝ գերիների, պատանդառնված անձանց ազատ արձակում։ Ես այդ երկու հարցի վերաբերյալ հասարակությանը բավարարող պատասխան մինչեւ հիմա չեմ ստացել»,- ԱԺ նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ 1991 թվականից սկսած ՀՀ տարածքը նույնն է։ «ՀՀ-ն ոնց կար, ոնց հռչակվել է, ոնց արտացոլվել էր ձերոնց կողմից ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում, ՀՀ տարածքը լրիվ նույնն է եղել։ Այսօր էլ ՀՀ տարածքը նույնն է՝ մի փոքրիկ տարբերությամբ, որ ռազմական գործողությունների հետեւանքով ինչ-որ տարածքներ հայտնվել են Ադրբեջանի ձեռքին։ Ռազմական գործողությունների հետեւանքով մեր սուվերեն տարածքների շուրջ 200 քկմ-ն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նաեւ գաղտնիք չէ, որ կան միջազգայնորեն ճանաչված սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են մեր զինված ուժերի վերահսոկղության ներքո։ Եվ ուրեմն, ինչպե՞ս լուծենք այս հարցը՝ մեր խորին համոզմամբ՝ ոչ նոր ռազմական գործողությունների ճանապարհով այդ սուվերեն տարածքներն ազատագրելու ճանապարհով։ Մենք ունենք ընկալում, որ այս տարածքներն օրինական տերերին վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա մեկնարկած եւ շարունակվող սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակներում եւ արդյունքում։ Այ եթե այդ գործըթնացը չի արտացոլի իրավական առումով միմյանց պատկանելիքը, եկեք եւ ասեք, որ մենք ձեզ խաբեցինք»,- նշեց Միրզոյանը։