«Չկա ֆիքսված ամիս-ամսաթիվ, առավել եւս տեղ էլ չկա։ Մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք օր առաջ սկսել, ես պատրաստ եմ սկսել խորհրդակցություն ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ ու երբ լինի այդ պայմանագրի ստորագրումը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա անդրադարձավ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի նախապայմանին։ «Իհարկե, գաղտնիք չէ, գիտենք նաեւ ադրբեջանական կողմի մեկնաբանությունը եւ պայմանը սրա հետ կապված։ Մենք այդ պայմանը չենք ընդունում։ Իրենք հայտնում են այդ մասին եւ հրապարակում հանդիպումների ընթացքում, մենք դա որպես քննարկվող օրակարգ չենք համարում եւ այդ պայմանը չենք ընդունում։ Եվ հուսով եմ, որ առաջիկայում պրոցեսներն այնպես կգնան, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման քայլը եւս կանենք՝ ստորագրում եւ հետագայում վավերացում։ Իրենք շատ որոշակի պայման ունեն, որ այդ պայմաններում ասում են՝ հնարավոր է ստորագրումը, մենք չենք կիսում այդ մոտեցումը»,- ասաց նա։
«Իրենք ասում են, որ մենք պետք է Սահմանադրությունը փոխենք, որից հետո ստորագրենք։ Մենք կարծում ենք, որ մեր Սահմանադրության մեջ խնդիր չկա, ավելին, մենք կարծում ենք, որ եթե դա կարա որեւէ կերպ խնդիր մեկնաբանվի, ապա էլ ավելի շատ կարանք մենք այդ նույն հավակնությունները ներկաայցնել իրենց Սահմանադրության վերաբերյալ։ Եվ միեւնույն է, այստեղ չունենք փոխըմբռնում, որեւէ պայման կամ նախապայման չկա»,- հավելեց նա։