«Խնդիրներ կան, որոնք մեզ իշխանությունները չեն ասում, կարող  է գողական «պանյատներով» են փորձում կազմակերպել»

  • 18:21 28.10.2025

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի կառավարությունը տարանցման համար պատրաստ է բացել սահմանը թուրքական ու ադրբեջանական բեռնատարների համար։

Մասնավորապես, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները։ Սա ըստ էության պատմական իրադարձություն է եւ նշանակում է ՀՀ շրջափակման հաղթահարման առաջին փուլը։ Բայց կարեւոր է նաեւ, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին եւ արձագանքող քայլեր անի։ Եվ այս պահին դրան մեր արձագանքը հետեւյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա՝ մասնավորապես Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով։ Այսինքն՝ եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին՝ ուղեւորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա։ Մեր ճանապարհները մինչեւ Գորիս, մինչեւ Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում»։ 

Անդրիաս Ղուկասնաի խոսքով՝ սրանք պլանավորված քայլեր են։ «Մի քանի օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ վերցանում է արգելքը տարանցիկ բեռներ ուղարկելու համար, հիմա հաջորդ քայլով Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ վերացնում են արգելքը Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների համար։ Դրանք փոխկապակցված հայտարարություններ են։ Ըստ իս՝ խնդիրը շարունակում է մնալ այն, որ առանց խաղաղության պայմանագրի, առանց դիվանագիտական հարաբերությունների, առանց մաքսային հարաբերությունների, առանց իրավական փաստաթղթերի ո՞նց են պատկերացնում այդ բեռնափոխադրումները։ Այսինքն՝ այդպես պարզապես բեռը Ադրբեջանից դուրս է գալիս, հենց այնպես մտնում է Հայաստանի տարածք կամ ադրբեջանական ու թուրքական բեռն անցնում է Հայաստանի տարածքով առանց մաքսային հսկողությա՞ն։ Այդ հարցին պետք է պատասխան «հուժկու» քաղաքական գործիչները, որոնք եփում են այդ բորշը՝ իրենց ճաշակով ու իրենց պատկերացումներով եւ ուղղորդված հայտարարություններով, թե այդ ամենը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով է լինելու»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները հայտարարություններ են անում, թե Հայաստանի ինքնիշխանության ներքո են տեղի ունենալու գործընթացները։ Բայց կամ այդ ինքնիշխանությունը պետք է վերաձեւակերպեն կամ բոլորիս պետք է բացատրեն, թե ոնց կարելի է առանց մաքասակետերի սպասրակել տրանզիտ փոխադրումները։ Քաղաքագետը հիշեցնում է, որ այսօրվա դրությամբ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան սահմանների վրա ոչ մի մաքսակետ չկա, ինչպես են իշխանություններն ասում, թե հենց այսօրվանից պատրաստ են իրագործել տարանցիկ փոխադրումները։

Քաղաքագետն ասաց, որ ամբողջ աշխարհում կան բեռնափոխադրումների, տրանզիտային հարաբերությունների կարգավորումներ։ «Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը չունեն այդ ամենը կարգավորված եւ ոնց որ թե չեն էլ ուզում դա կարգավորել ընդունված կարգով՝ խաղաղության պայմանագիր, պետական սահմանի մասին պայմանագիր, դիվանագիտական երկկողմ հարաբերություններ եւ մի շարք այլ երկկողմ պայմամագրեր՝ մաքսային վերահսկողության եւ մյուս հարցերի վերաբերյալ։ Նորմալ մարդիկ ու երկրներն այդպես են անում, իսկ այս ճարտարապետությունը, որի հետ մենք հիմա գործ ունենք, կարծես թե հակառակ տեղից են սկսել, հետեւից են սկսել այդ ամենը եւ լուրջ դեմքով ներկայացնում են, թե այդպես էլ պետք է լինի։ Մեր ժողովուրդն իր դատողությունները կարող է անել»,- ասաց նա։

Ղուկասյանի խոսքով՝ հավանաբար կան քաղաքական ինչ-որ խոչընդոտներ, որ իրենք նորմալ ընդունված եղանակով չեն կարողանում պարզ ձեւով աշխատել․ «Ինչո՞ւ են այսպիսի քողարկված բաներ տեղի ունենում, ինչ-որ խնդիրներ կան, որոնք մեզ հայտնի չեն, իշխանությունները չեն ասում, չեն կարող բացատրել։ Եվ տեսնում ենք, որ առանց միջպետական հարաբերությունների բազայի ու պայամանագրային հիմքերի ստեղծման, երեւի ինչ-որ պայմանավորվածություններով, չգիտեմ, կարող  է հանցավոր կամ գողական «պանյատներով» այդ ամենը փորձում կազմակերպել։ Դա այսօրվա ղեկավարության ոճն է»։

Ռոզա Հովհաննիսյան