Անկախության հռչակագրի “խնդիրը”․ ոչ մի քաղաքական ուժ չպահանջեց ի կատար անել 1989 թ․ որոշումը

  • 18:28 29.10.2025

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի Անկախության հռչակագրում որոշակի խնդիրներ է տեսնում: Այս մասին, նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ»,-նշեց Հարությունյանը:

Որոշակի խնդիրը, բնականաբար, Անկախության հռչակագրում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշման հղումն է։ Փաստորեն, ստացվում է, որ 34 տարի Արցախն ու Հայաստանը միավորված են։ Բոլորը ձևացնում էին, որ նման բան չկա, Փաշինյանն նույնիսկ 2022-ին հայտարարեց, ու Ղարաբաղը Ադրբեջան է։ Բայց Ալիևը պնդում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ։

2023-ի սեպտեմբերից հետո Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չպահանջեց ի կատար անել 1989 թ․ միավորման մասին որոշումը։ Հիմա էլ ոչ մի ուժ սատար չի կանգնում Անկախության հռչակագրին և առանց Արցախ Չորրորդ հանրապետություն ստեղծելու ներկայիս իշխող ուժի մտադրությանը։

Երրորդ Հանրապետության արձակումը անխուսափելի է, քանի որ Անկախության հռչակագիրը հնարավոր չէ փոխել, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Անկախության հռչակագրին։ Հետևաբար, միակ ելքը՝ Հռչակագրից հրաժարումն է։ Դրանից հետո կամ նոր Սահմանադրություն կընդունվի՝ առանց Արցախի “խնդրի” և Ցեղասպանության հետևանքների վերացման մասին հիշատակման, կամ Հայաստանը կլուծարվի, ինչպես Արցախը։