Եթե բոլորը կողմ են, ո՞վ է դեմ Երևանի և Բաքվի “խաղաղության պայմանագրին”

  • 20:14 29.10.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումից հետո։

«Պուտինը զանգահարեց ինձ ու ասաց՝ սա զարմանալի է։ Ասաց, որ իրենք չեն կարողացել կանգնեցել պատերազմը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը, փաստորեն, ասում է, որ Պուտինը լիովին սատարում է Վաշինգտոնի միջնորդությամբ Երևանի և Բաքվի խաղաղությանը, և Թրամփն արել է այն, ինչ ցանկանում էր Պուտինը։

«ԱՄՆ-ը հանձնառու է իրագործել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը», – փոխանցել են այսօր Պետդեպից՝ ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող վերջին բովանդակային երկխոսությունը և գործնական քայլերը՝ սահմանազատման, ականազերծման և TRIPP-ի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։

Երևանում այսօր անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի մասնակիցներին ուղերձ է հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արված պատմական քայլը տարածաշրջանը բերել է ավելի մոտ կայունությանը և երկարաժամկետ խաղաղությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և ցուցաբերում բաց աջակցություն»,- ասված է ուղերձում։

Վաշինգտոնյան համաձայնությունները ողջունել է ամբողջ աշխարհը, նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։ Ոչ Հայաստանի ընդդիմությունը, ոչ Արցախի ներկայացուցիչները հանդեց չեն եկել այդ “խաղաղության” դեմ, նկատելով միայն մասնավոր բացթողումներ։

Բոլորը միայն կողմ են, բայց արի ու տես՝ “խաղաղության պայմանագիրը” չի ստորագրվի առնվազն մինչև մյուս տարվա ամառ, երբ Հայաստանում կլինեն ընտրություններ, իսկ հետո՝ նոր Սահմանադրության ընդունում և նոր Հանրապետության հռչակում։

Ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը կողմ են, դեմ չկա, բայց խաղաղություն չի ստացվում։ Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ խաղաղությունը կեղծ է, անբնական է, այն հակասում է Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի իրավունքներին և շահերին։ Այն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային օրենքներին, ինքնորոշմանը, ազատ կամարտահայտությանը, Աստծո կանոններին։ Այդ խաղաղությունը ունի չափազանց բարձր գին՝ Հայաստանի արցախյան սրտի կորուստ։ Այն դեռ բաբախում է։

Պատահական չէ, որ Թրամփն ամեն անգամ ասում է, որ խաղաղություն է բերել Ադրբեջանին, չհիշատակելով Հայաստանը։ Նա շատ լավ հասկաանում է, որ Հայաստանի համար այս “խաղաղությունը” անմարսելի է և մահացու կարող է լինել։