Դավիթի պայքարը․ Տարան Եղնիկների Սուրբ Աստվածածին մատուռ, որոշելոով, թե մահացած եմ

  • 19:34 29.10.2025

Ներկայիս իրավիճակում, երբ եկեղեցին և հոգևոր դասն ենթարկվում են հարձակման և հետապնդումների, չափազանց կարևոր է բարձրաձայնել հոգևոր արժեքների և հավատքի զորության մասին:

Դավիթ Հարությունյանը ծնվել է 1998 թվականին ք. Ստեփանակերտում: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի երիտասարդաց միության անդամ է: 44-օրյա պատերզմի ժամանակ նա ստացել է ծանր վիրավորում: Երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ: Նույնիսկ բժիշկները չէին հավատում, որ նա կապաքինվի, սակայն Աստծո հանդեպ հավատի և ապրելու մեծ կամքի շնորհիվ Դավիթը ապաքինվեց և այժմ, չնայած որոշ ֆիզիկական սահմանափակումների, զբաղվում է մեղվապահությամբ և ծառայում է Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես սպասավոր:

“2020 թ․ սեպտեմբերի 27-ին ես մեկնեցի 7-րդ պաշպանական շրջանի Եղնիկներ կոչված զորամաս, ուշ գիշեր մեզ գրանցեցին, ստացանք մեզ հասանելիք զենք-զինամթերքը ու արդեն առավոտյան լույսը չբացված մեկնեցինք մարտական դիրքեր։ Վաղ առավոտյան ես հասա այն մարտական դիրքը, որտեղ ծառայել եմ ժամկետայինի ժամանակ։

Մարտական գործողությունների ժամանակ, Ժամը 2-3-ին, ստացա գանգուղեղային ծանր աստիճանի վիրավորում, ինչից հետո ինձ տեղափոխվեցին մոտակայքում գտնվող Եղնիկների Սուրբ Աստվածածին մատուռը, որոշելոով, թե մահացած եմ:

Որոշ ժամանակ անց ես ժամանակավոր ուշքի եկա, և ինձ տեղափոխեցին Երևան՝ Էրեբունի բուժկենտրոն։ Երկարատև բուժումից և առաջին վերականգնողական կուրսը ստանալուց հետո ինձ տեղափոխեցին Զինվորի տուն վերականգնողական կենտրոն։ Իհարկե, առաջին ամիսներին իմ համար շատ դժվար էր՝ և տեղափոխումները, և ամենօրյա կարիքներս հոգալը, բայց Զինվորի տան մասնագետները ջանք ու եռանդ չխնայելով, ինձ ոտքի կանգնեցրին։

Տարին երեք անգամ հաճախում էի Զինվորի տուն՝ մինջև Արցախյան բլոկադան։

Շրջափակման ժամանակ արդեն սկսեցի հաճախել Ստեփանակերտում գտնվող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն ու ստանալ բուժում։ Բլոկադայի ընթացքում շատ հաճախ գնում էի եկեղեցի, աղոթում, պատարագներին ու ժամերգություններին մասնակցում, որ գոնե մի կերպ ցրվեմ ծանր մտքերից: Մինչև 2020 թիվը ես ծառայում էի Ասկերանի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցում։

Հիշում եմ, որ արդեն չկար ջուրն ու գազամատակարարումը, արդեն վառարան էինք վառում տաքանալու և  եղած մթերքի չնչին պաշարներից ինչ-որ բան պատրաստելու համար։ Տանը մենակ ես էի ու մայրս, որն ուներ առողջական խնդիրներ, և ես հնարավորինս օգնում էի նրան ջուր բերել կամ վառարանը վառել։

Շրջափակման վերջին օրերին՝ մեկօրյա պատերազմից հետո արդեն հասկանալի դարձավ, որ էլ ելք չկա: Պետք էր թողնել ամեն ինչ՝ մեր գերեզմանները, Եկեղեցիները, հողն ու ջուրը և լքել հազարամյա հայրենիքը՝ Արցախը: Այդ օրերին մորս հետ գտնվում էի եկեղեցում: Թե տղամարդիք, թե կանայք ահռելի և անբացատրելի ցավ էինք ապրում։

2023 թվականի սեպտեմբերի 27-ին ընտանիքներով դուրս եկանք մեր տներից, թողնելով թշնամուն մեր ամեն ինչը, և երկու օրից հասանք Երևան: Ես կրկին տեղափոխվեցի Զինվորի տուն՝ բուժումս շարունակելու նպատակով։

Երևանում ապրելը մեզ համար շատ դժվար էր, հատկապես, առաջին ամիսներին: Տան վարձերը մի քանի անգամ բարձրացրին, իսկ մենք ի վիճակի չէինք վճարել աստղաբաշխական բնակվարձը:

Որոշ ժամանակ հանց բարեբախտաբար հանդիպեցինք բարի մարդու, ով մեկ տարի ժամկետով մեզ անհատույց տրամադրեց Երևանում գտնվող իր բնակարանը: Հետագայում պարզվեց, որ տան տերը՝ Բաքվից  փախստականներից էր։

Այդ ընթացքում ես նորից վերսկսեցի իմ եկեղեցական ծառայությունը՝ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում։

Մեկ տարի անց որոշեցինք տեղափոխվել քաղաք Ստեփանավան: Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմում ստացել եմ լուրջ վնասվածքներ և ունեմ միակողմանի սահմանափակումներ, ես Զինվորի տանը մասնակցեցի մեղվաբուծության եռամսյա դասընթացներին։

Որոշ ժամանակ անց  գիտելիքներ ստանալուն պես իմ անձնական գումարով գնեցի չորս մեղվափեթակ: Ես սիրեցի այս գործը և այժմ ուզում եմ մեծացնել մեղվանոցս, որպեսզի ունենամ գոնե մի փոքր եկամուտ։ Միաժամանակ ծառայում եմ Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես սպասավոր և ամեն օր աղոթում տունդարձի համար”, Step1.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթը:

Արսեն Աղաջանյան