
Ազգային ժողով մշտական հանձնաժողովների նիստերում այս օրերին քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը շարունակել՝ 55 մլրդ դրամ ֆինանսավորման շրջանակներում։
Բյուջեի նախագծում նշվում է, որ «2026 թվականի պետական բյուջեի առանցքում նաեւ Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարեկեցության ապահովմանն ուղղված քայլերն են: Բյուջեն ապահովում է, որ Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները շարունակեն ստանալ պետության լիարժեք աջակցությունն ինտեգրման և բնակարանային ապահովման հարցում։ Կշարունակվի Ղարաբաղից ՀՀ բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը»։
Արցախից բռնի տեղահանված բնակչության համար 2026թ․ նախատեսվել են տարբեր օժանդակության ծրագրեր, այդ թվում․
Կրթության ոլորտի գծով՝ 1,228.1 մլն դրամի չափով, որից՝ 1,025.3 մլն դրամը՝ ՀՀ-ում կրթություն ստացող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, 202.8 մլն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով:
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գծով՝ 62,686.6 մլն դրամի չափով, այդ թվում.
Արցախից բռնի տեղահանվածներին կեցության ծախսերի գծով՝ 55,000․0 մլն դրամ։
Արցախի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրման գծով ՝ 7,686.6 մլն դրամ։
Նշվում է, որ Արցախից բռնի տեղահանվածները ընդգրկված են նաեւ «Կենսաթոշակային ապահովություն», «Ժողովրդագրական վիճակի բարելավում», «Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում», «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն», «Զբաղվածության» ծրագրերում եւ սոցիալական ոլորտի մի շարք այլ միջոցառումներում:
Միաժամանակ կառավարությունը բյուջեի նախագծում «Լրացուցիչ ֆինանսավորման պահանջ առաջացնող այլ ներքին ռիսկեր» բաժնում նշում է, որ «նման ռիսկերի շարքում են Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ տնտեսությանը ինտեգրման դանդաղումը եւ աջակցության ծրագրերի երկարաձգումը, տարածաշրջանային անվտանգային միջավայրի վատթարացման պայմաններում անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղվող միջոցների ծավալի աճի լրացուցիչ կարիքի առաջացումը, արտահանելի հատվածի համար տնտեսական աջակցության լրացուցիչ ծրագրերի իրականացումը եւ այլ հնարավոր ծախսային ճնշումները։»։