
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ջանքերով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանում ընդունված բանաձեւում չներառվեց արցախցիների վերադարձի հարցը։
ՀՀ Ազգային ժողովում այս օրերին անցկացվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանը։ Այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ երեքշաբթի օրն ընդունվել է զեկույց «Արեւելյան գործընկերության ապագայի եւ ԵՄ ընդլայնման քաղաքականության ապագայի մասին՝ հանուն կայունության եւ խաղաղության տարածաշրջանում»։ Զեկույցում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացվել էր 25 առաջարկ, դրանցից ընդունվել էր 24-ը: Ընդունված նախագիծը ներկայացվեց Եվրանեսթ ԽՎ-ում՝ որպես բանաձեւի միջնորդություն եւ քվերակությամբ ընդունվեց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր նախքան քվեարկությունը հիշեցրեց իրենց առաջարկությունների մասին․ «Ես ցանկանում եմ հիշեցնել փոփոխության մասին, որը մենք եւ մեր գործընկերները դրել են սեղանի վրա, ձեւակերպումը վերցվել է Եվրախորհրդարանի բանաձեւերից։ Եվ շատ մեծ հույս ունեմ, որ տեղադիրքի փոփոխությունը չի փոխի մտադրությունը եւ մոտեցումները, որոնք ընդունվել են Եվրախորհրդարանի անդամների կողմից»։
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը մանրամասնեց, թե ինչ առաջարկների մասին է խոսքը․ «Փոփոխությունները, որոնց մասին պարոն Խաչատրյանը խոսում է, հետեւյալի մասին են՝ Ադրբեջանին պարտադրել անմիջապես ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց բաց թողնել։ Մենք դեմ չենք այս նախադասությանը»։
«Մյուս առաջարկը` երաշխավորել Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված անձանց՝ անվտանգ կերպով վերադարձn իրենց հայրենիք։ Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատում են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին»,- ասաց Եղոյանը։
Քվերակությունից հետո Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց․ «ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձեւին։ Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի եւ Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել»։
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ավելի շատ մարդ կողմ քվեարկեց, քան դեմ․ դեմ քվեարկեցին ՔՊ-ականները, իսկ եվրոպացի պատգամավորները հիմնականում ձեռնպահ քվեարկեցին։ Բայց 50 տոկոսի շեմը չհաղթահարվեց։