Թորոսյան․ արցախցիների բնակապահովման ծրագրում հենց այսօր փոփոխություններ են մտցվել

  • 15:20 30.10.2025

Արցախից բռնի տեղահանված 3202 ընտանիք կամ 12 826 անձ բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակներում արդեն ստացել են հավաստագիր։ Նրանցից 1198 ընտանիք արդեն իրացրել են այդ հավաստագրերը եւ բնակվում են իրենց սեփական տներում։ Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ արցախցիների բնակապահովման ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 մլրդ դրամ։ Թորոսյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են արցախցիների հետ եւ փորձում  լուծել այն խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելու ընթացքում։

«Մենք նաեւ ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի ենք ենթարկում եւ վերլուծում ենք, թե ինչպես կարող ենք ծրագիրն առավել բարելավել։ Օրինակ՝ հենց այսօր կառավարության նիստում որոշ փոփոխություններ ենք արել ծրագրում։ Սա կարեւոր է այն համատեքստում, որ հաճախ մեզ մեղադրում են, որ մենք չենք լսում մեր հայրենակիցների կողմից բարձրացված խնդիրները, ինչը հակառակն է ամբողջությամբ։ Այն, ինչ ես հիմա կարդում եմ, հենց իրենց հետ քննարկումների ու հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների լուծում է։

Փոփոխություններից մեկն այն է, որ ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։

Մյուս փոփոխությունը՝ շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք։ Տվյալ դեպքում ընտանիքի միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի այդ անձի վրա։

Միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը կսահմանվի 1՝ ներկայում սահմանված 2-ի փոխարեն, եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին»,- ասաց Թորոսյանը։

Արսեն Թորոսյանը նշեց, որ արցախցիների բնակապահովման սերտիֆիկատների իրացումները կապված են զբաղվածության հետ, այն համայնքներում, որտեղ զբաղվածությունը հնարավոր է եւ միջին աշխատավարձը բարձր է, կան բարձր իրացումներ։ Դրանք հիմնականում երեւանամերձ մարզերն ու Երեւանն են։

«Եվ այս առումով մենք փորձելու ենք դեռեւս ձեռք չտալով այդ գումարներին՝ զբաղվածությունը խթանող ծրագրեր անել, որոնք կկապվեն բնակապահովման ծրագրի հետ»,- հավելեց նա։