
Կառավարությունն այսօրվա նիկստում ընդունեց պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն 1,5 տարի սահմանելու նախագիծը։ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Շարքային կազմի պարտադիր զինվորչական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինվում է 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի մեկից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի մեկի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ «Միայն այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թվաքանակը կազմում է 4220 եւ աճի միտում ունի»,- հավելեց Սարգսյանը։
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ԱԺ կողմից այս նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սա շատ լավ նախագիծ է։ «Մենք տարիներ շարունակ ունեցել ենք հետեւյալ ցիկլը՝ 2 տարի, 2 զորակոչ տարեկան, հիմա որ այդ 2 զորակոչի մեխանիզմը մնում է նույնությամբ, բայց ժամկետը դառնում է 1,5 տարի, անցման ժամանակ խզում չենք ունենա՞, կառավարո՞ւմ եք այս հարցը, չէ՞»,- հարցրեց Գրիգորյանը։
Արման Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Միանշանակ բոլոր ռիսկերը հաշվարկվել են, որեւէ խզում տեղի չի ունենա, եւ այդ ամբողջ պրոցեսը կկառավարվի շատ սահուն, ընթացքը կլինի տեսանելի, եւ կարծում ենք՝ որեւէ խնդիր չի առաջանա»։