Առաջարկում են կարգավիճակ տալ Արցախում վառելիքի պայթյունից զոհվածների ընտանիքներին

  • 17:29 30.10.2025

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն առաջարկում է կառավարության որոշմամբ կարգավիճակ տալ Արցախում 2023 թվականին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին։ Ըստ Խաչատրյանի՝ կառավարությունն այս ընտանիքներին պետք է աջակցություն ցուցաբերի։

Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արթուր Խաչատրյանն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց․ «Դուք ասում եք, որ պետք է ապահովել արցախցիների ինտեգրումը Հայաստանի հասարակությունում։ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչ-որ ծրագրեր ունե՞ք մասնավորապես վառելիքա-քսուկային նյութերի պահեստի զոհերի ընտանիքների վերաբերյալ, որովհետեւ այդ մարդիկ կորցրել են իրենց կերակրողներին, շատերը կորցրել են իրենց միակ կերակրողին, բայց որեւէ աջակցություն չեն ստանում կառավարությունից»։

Արսեն Թորոսյանն ասաց, որ պայթյունի հետեւանքով տուժած 251 ընտանիքի 251 մլն դրամ է հատկացվել։ Բայց Թորոսյանը միաժամանակ խոստովանեց, որ այդ գումարները հատկացվել են Արցախի բյուջեում եղած գումարներից։

«Այսինքն՝ իրենց հաշիվներին եղած դրամական միջոցներն են ուղղվել այդ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նպատակով։ Դրանից զատ առանձին աջակցություն է տրամադրվել նաեւ զոհված զինծառայողներին»,- ասաց Թորոսյանը։

Արթուր Խաչատրյանը նշեց․ «Այո, ես գիտեմ, որ այդ 1 մլն դրամը, այսինքն՝ գերեզմանի փողը տրամադրվել է, աղբյուրն էլ գիտեմ, դուք էլ ասացիք՝ դա Ղարաբաղի կառավարության գումարն է, որը սառեցված է եւ իրենք գոնե ծախսելու հնարավորություն չունեն։ Բայց կա նաեւ Վերաքննիչ դատարանի որոշում, որը հստակ գրել է, որ այդ մարդիկ դժբախտ պատահարի զոհ չեն, նրանք պատերազմական գործողությունների հետեւանքով են զոհվել»։

Խաչատրյանն առաջարկեց բյուջեում այս ուղղությամբ հատկացում անել եւ կառավարության որոշմամբ կարգավիճակ շնորհել այդ ընտանիքներին, որպեսզի այդ ընտանիքներն ունենան նույն կարգավիճակը, որն ունեն 2020 թվականի պատերազմում քաղաքացիական զոհերի ընտանիքները։

«Այո, ես նույնպես համարում եմ, որ դա պարզապես դժբախտ պատահար չէր, եւ այլ հավասար պայմաններում պայթյունը պարզապես տեղի չէր ունենա»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը՝ որեւէ՝ հսատկ բան չասելով՝ այդ ընտանիքներին կարգավիճակ կտրվի, թե՞ ոչ։