Մեծ-Մեծ խոսելով չէ. Ալեն Սիմոնյանն արցախցիների վերադարձի մասին

  • 12:57 31.10.2025

«Եկեք մի բան հասկանանք՝ էդ որ ըտենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում եմ հասկանալ՝ դուք կամ էդ, ով տարածում է, ասում է՝ ՔՊ-ականների հորդորով են դեմ քվեարկել, իրենք պատրա՞ստ են ապահովել էդ մարդկանց հետվերադարձը, անվտանգությունը։ Լո՞ւրջ եք ասում, կա՞ մարդ, որը հիմա կարող է հայտարարել, որ ինքն ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որեւիցե բնակավայր։ Մեծ-Մեծ խոսելով չէ, կենացներ ասելով չէ էլի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ջանքերով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանում ընդունված բանաձեւում չներառվեց արցախցիների վերադարձի հարցը։ Այս առաջարկն արել էին խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները։ ՔՊ-ական Արման Եղոյանն ասել էր․ «Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատում են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել էր, որ Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ բնական է՝ ինչ-որ ժամանակ անց, երբ հարաբերությունները կնորմալանան, ինչ-որ մարդիկ կարող են գնալ Արցախ, գուցե իրենց տներում ապրել, եթե այդ հնարավորությունը լինի։ «Բայց էսօր խոսել, էդ ի՞նչ կենաց է, ո՞ւմ եք ձեռ առնում։ Այսինքն՝ հիմա Ղարաբաղի բնակիչներ կա՞ն, մարդիկ կա՞ն, որ ուզում են գնան, Հայաստանի իշխանություններն ասում են՝ չէ, մի գնացեք, մենք դե՞մ ենք»,- ասաց նա։

Սիմոնյանը նշեց, որ «Մենք կարայինք երկրորդ Գազան դառնայինք, կդնեին Գազայի կվերածեին մեր տարածքը»։