
Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ Ալիևը չի վստահում Հայաստանին և մտադիր չէ խաղալ Փաշինյանի խաղը, ով հրապարակավ հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն այլևս հաստատված է։ Բաքուն հաղորդում է, որ Ալիևը չի պատրաստվում մեկնել Երևան՝ Եվրոպական քաղաքական ֆորումին մասնակցելու, քանի որ չի ցանկանում ստեղծել տպավորություն, որ ամեն ինչ նորմալ է, և խաղաղություն հաստատված է։ Էրդողանի վարչակազմը ևս հայտարարել է, որ Էրդողանի՝ Երևան այցի հարցն անորոշ է։
Բաքուն կոնկրետ պայմաններ է դնում՝ Հայաստանի Սահմանադրությունից հանել Հայաստանի հռչակագրի, համապատասխանաբար, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումի հղումը։ Թուրքիան ևս մտադիր չէ բացել հաղորդակցությունները, մինչև Հայաստանը պաշտոնապես չհրաժարվի Թուրքիայի նկատմամբ իր պահանջներից. Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները հաստատված են 1921 թվականի Կարսի ապօրինի պայմանագրով, իսկ ՀՀ Անկախության հռչակագրում գրված է Ցեղասպանության հետևանքների վերացման մասին։
Երևանը պնդում է, որ մտադիր է ընդունել նոր Սահմանադրություն, որը կամրագրի Հայաստանի խորհրդային սահմանները՝ առանց Արցախի, Նախիջևանի, Կարսի, Արարատ լեռան և Արդահանի։
Երեկ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խոստովանեց, որ «խնդիրներ կան Անկախության հռչակագրում»։ Սակայն Փաշինյանն ասում է, որ նախ խետք է ընտրություններ անցկացվեն 2026 թվականի հունիսին, որից հետո կընդունվի նոր Սահմանադրություն։ Փաշինյանն առաջարկում է Ալիևին մինչ այդ ստորագրել «խաղաղության պայմանագիր», բայց Ալիևը հրաժարվում է. նրան անհրաժեշտ են երաշխիքներ, որ Հայաստանի հաջորդ կառավարությունը չի պահպանի գործող Սահմանադրությունը և չի պնդի Հայաստանի իրավունքները։
Ալիևը մտադրություն չունի բացել Հայաստանի հետ հաղորդակցությունները, մինչև իրավական հարցերը չլուծվեն։ Ի տարբերություն Հայաստանի, որը մի կողմ է նետում իր իրավունքները, Բաքուն հասկանում է փաստաթղթերի արժեքը. ուժային որոշումները, ագրեսիան և օկուպացիան ոչ մի իրավունք չեն տալիս։
Միևնույն ժամանակ, Ալիևի օգնականը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» մինչև Հայաստանի սահմանը գրեթե ավարտված է։ Այսօր Ալիևը 50 երկրների դեսպաններ է բերել Զանգիլան՝ հայտարարելու, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Եվրոպան և Ասիան՝ Ադրբեջանը դարձնելով տրանսպորտային հանգույց և TRACECA երթուղիներից մեկը։
Հայաստանը պնդում է տարածաշրջանի բոլոր ճանապարհների բացումը, սակայն ապարդյուն։ Բաքուն և Անկարան այդպես էլ չեն արձագանքել Նիկոլ Փաշինյանի Մարգարա-Երասխ-Սիսիան-Գորիս-Բերձոր ճանապարհը բացելու պատրաստակամությանը։ Մինչդեռ, Հայաստանն ինքը 2026 թվականի բյուջեում միջոցներ չի հատկացրել Երասխից մինչև Նախիջևանի սահմանը ձգվող երկաթուղու վերանորոգման համար։
Ռուսաստանը իր հերթին ակնարկում է, որ Հայաստանի ցանկացած ճանապարհ կպատկանի «Ռուսական երկաթուղիներին»։
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի խոսքով՝ Հայաստանի հարավով երկաթուղին, որը «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ, կարող է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում։
«Ճանապարհը ավելի քան 40 կմ երկարություն ունի։ Ռուս մասնագետները ստուգել են այն։ Ճանապարհը կարող է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները չեն քանդվել, և երկաթուղային համալիր անհրաժեշտ չէ», – ասել է Եվդոկիմովը։
Ռուս դիվանագետի խոսքով՝ հարցը, թե ով և ինչպես կվերականգնի այս ճանապարհը, գլխավորը չէ։
Մինչ օրս հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված որևէ աշխատանք չի իրականացվում: «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու նախապատրաստական աշխատանքներ ևս չկան: Վերլուծաբանները կարծում են, որ Ալիևն ու Էրդողանը սպասում են Հայաստանի վերջնական կապիտուլյացիային՝ Երրորդ Հանրապետության լուծարմանը: Հայաստանի կողմից իր իրավունքներից հրաժարվելուց հետո կսկսվի Հայաստանի բաժանումը միջանցքների և պատասխանատվության գոտիների: