
Գիրք գրելու միտքը Մարինեն միշտ ունեցել է։ Բայց երկար ժամանակ նա չէր հասկանում՝ ինչ ձևով կարող է գրել, որ պատմությունը դառնա ոչ միայն անձնական հիշողություն, այլ նաև փոխանցում սերունդներին։ Այդ հարցի պատասխանը գտավ այն պահին, երբ մտածեց՝ ինչպես է ինքը պատմելու իր երեխաներին՝ Մարալիկին, Հուրիին և Ազնավուրին, թե ինչ է Արցախը։
«Հասկացա, որ հեքիաթը՝ իր կախարդականությամբ, լավագույն ձևն է մեր կյանքի ու պայքարի մասին պատմելու։ Եթե ուզում ենք, որ մեր երեխաները հիշեն Արցախը, թող այն մտնի նրանց գիտակցության մեջ հեքիաթի ձևով։ Թող ունենան իրենց Արցախյան հեքիաթը», -ասում է Մարինեն։
Գիրքը ծնվել է Մարտունուց։ Մարինեն այն պատկերացնում է որպես քաղաք, որը հիշվում է օրորոցաձեւ ճոճանակների, այգիների հոտով և խաղաղ առավոտներով։ Այնտեղ անցած կյանքը նա ուզում է վերածել հեքիաթի, որ մնա սերունդներին։
«Մարտունեցիները իրենց քաղաքը հիշելու են օրորոց սահնակներով ու հին այգիներով։ Այդ ամենը պիտի անցնի նաև մեր պատմական հերոսների՝ Ավոյի ու Նժդեհի արձանների կողքով, որտեղով անցնում էին երեխաներն այդ սահնակ ճոճանակներին հասնելու համար։ Ինձ համար կարևոր է, որ Մեծ Հայքի գաղափարը ներկա լինի, որովհետև այն հիշեցում է՝ Արցախը Մեծ Հայքի քարտեզում իր կարեւոր տեղն ունի»։

Գրքի ստեղծման գաղափարը Մարինեն իրականացրել է բրազիլահայ նկարիչուհի Անաիս Սատիկյանի հետ։ Նրանք միասին մանրամասն մտածել են յուրաքանչյուր դետալի մասին՝ պատկերելով քաղաքը ոչ թե որպես անցյալ, այլ որպես շարունակվող հիշողություն։
«Գրքում նույնիսկ քաղաքի կենտրոնի պատկերի մեջ գաղտնագրեր կան, որ երեխաներն էլ հասկանան՝ Արցախի հարցը փակված չէ», — ասում է նա։
Մարինեն խոսում է մի պարզ, բայց ցավոտ մտքի շուրջ․ մեր հասարակությունը հաճախ զրկում է երեխաներին երազելու իրավունքից։
«Թուրքը, ադրբեջանցին, ամերիկացին կարող են իրենց երեխաներին ասել ՝ երազիր մեծ, մեծ երազանք ունեցիր, բայց մեր երեխաներին ասում ենք՝ մի երազեք Շուշիի կամ Վանի մասին։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները մեծ երազեն։ Թող գոնե իրենց երազներում Արցախը լինի՝ մինչև այն վերադառնա իրական կյանք»,- ասում է Մարինեն։
Մարտունու կյանքից՝ հեքիաթի ներսում Մարինեն ու ամուսինը՝ Շանթը, պատերազմից հետո տեղափոխվել են Մարտունի և դարձել քաղաքի լիիրավ քաղաքացիներ։ Իրենց նախաձեռնություններով և աշխատանքի շնորհիվ նրանք օգնել են հարյուրավոր մարդկանց։ Նրանց առաջնեկը՝ Մարալիկը, ծնվել է Արցախում, իսկ գիրքը հենց նրա անունով է՝ «Մարալիկն ու Հայրիկը Արցախում»։
2023-ին, հրետակոծության օրերին, Մարինեն ծննդաբերեց երկրորդ դստերը՝ Հուրիին։ «Նրան այդպես անվանեցինք, որովհետև նա բառացիորեն կրակի տակ ծնվեց», — ասում է նա։
Երրորդ երեխային՝ որդուն, զույգը անվանեց Ազնավուր՝ ի պատիվ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի, որի հետ մտերիմ են եղել։
Գրքի պատմական շերտը հյուսված է հենց այս ընտանիքի կյանքից՝ Արցախում ապրել, պայքարել, երեխա ունենալ ու չկորցնել հավատը։
«Այս գիրքը ես գրել եմ ոչ թե միայն իմ երեխաների, այլ բոլո փոքրիկների համար», ասում է Մարինեն։
Նա կարեւոր ծրագիր ունի՝ Հայաստան գալով գիրքն անվճար բաժանել մարտունեցի փոքրիկներին, որ իրենց մանկության հիշողության մեջ Արցախը լինի ոչ թե կորուստ, այլ հեքիաթ, որին մի օր անպայման պետք է հասնել։
Գիրքը պատմում է երազանքի վերադարձի մասին՝ Արցախի հիշողությունը պահելու, փոխանցելու և մի օր վերադարձնելու հավատով։
«Արցախը դեռ կա, քանի դեռ մեր երեխաները լսում են նրա հեքիաթը», — ասում է Մարինեն՝ ամփոփելով իր պատմությունը։
Մարիամ Սարգսյան