
Արցախի «Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբն այսօր կանգնած է լուրջ խնդիրների առաջ, ակումբի ղեկավար Արմեն Պետրոսյանն ահազանգում է, որ պետական մակարդակով խոչընդոտում են արցախյան միակ մարզական ակումբի գործունեությունը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար չի համարում ակումբի գործունեությունը Հայաստանում։
Արցախի էթնիկ զտումից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո Արմեն Պետրոսյանն արցախցի երեխանեի հետ մարզումներն անցկացնում է Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճում։ Բայց նրան տեղեկացրել են, որ այլեւս չեն կարող մարզումները շարունակել։
Արմեն Պետրոսյանն այսօր հանդիպում է ունեցել ԿԳՄՍ նախարարությունում, այնուհետեւ ակումբի սաների հետ բողոքի ակցիա է իրականացրել դպրոցի տարածքում։ Նա նշում է, որ բռնի տեղահանությունից հետո մարզումները սկսել է ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ։ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո գտել է իր աշակերտներին, ընկերների միջոցով ձեռք է բերել մարզական գույք՝ պարապմունքներն անցկացնելու համար։
«Նախարարությունից գրավոր ասել են՝ նպատակահարմար չենք գտնում, որ պարապմունքներն այս դպրոցում անցկացվեն։ Երբ նախարարությունը նման բան է ասում, դպրոցի տնօրինությունն էլ վախենում է, չնայած, դպրոցի ուսումնական գծով տնօրենի հետ մենք խնդիր չունենք, խնդիրը ֆինանսական համակարգողի հետ է»,- նշում է նա։
Արմեն Պետրոսյանն ասում է, որ չի խուսափում վճարել մարզադահլիճի համար, ասում է՝ մշակենք մի համակարգ, կվճարեմ։
«Բայց այդ մեխանիզմն էլ իրենք չեն ընդունում, ասում են՝ այդ մեխանիզմից դպրոցը չի շահում։ Երեխաներին անգամ արգելել են օգտվել դպրոցի զուգարանից։ Ես այսքան երեխաներն հավաքել եմ, ասել եմ՝ արցախցիներ ջան, պետք է ինտեգրվենք, սա մեր հայրենիքն է, բայց երբ որ իրենք արցախցի լինելու պատճառով զրկվում են պարապմունքներից, հիմա ես ի՞նչ սովորեցնեմ իրենց։ Ես իրենց այսօր համարում եմ կրկնակի տեղահանված՝ թուրքը նրանց հանել է Ստեփանակերտի մարզադահլիճից, հայը հանում է Երեւանի մարզադահլիճից»,- ասում է Արմեն Պետրոսյանը և նշում՝ ոչ աշխատավարձ է ուզել ԿԳՄՍ նախարարությունից, ոչ գույք, անվճար է պարապում երեխաների հետ։
«Ես խնդրեմ եմ ուղղակի ինձ չխանգարեն։ Այս երեխաներին անվճար տարել հասցրել եմ մինչեւ Բուլղարիա՝ աշխարհի գավաթի խաղարկությանը»,- հավելեց նա։
Պետրոսյանն այսօր դիմել է ԿԳՄՍ նախարարություն, բայց դպրոցի համակարգողն իրեն ասել է՝ «եթե անգամ դու հաղթես ու մնաս այստեղ, այնպես եմ անելու, որ մարզադահլիճը չջեռուցվի»։
«Խնդիրը մեր արցախցի լինելն է, եթե արցախցիները մի տեղ հավաքվում են, երեւի մարդկանց թվում է, թե դա վտանգ է։ Բայց սա սպորտ է, ոչ կուսակցություն է, ոչ քաղաքական կազմակերպություն, սպորտ է, զբաղվում ենք, չեմպիոններ ունենք, մրցանակակիրներ ունենք։ Երկու տարվա մեջ վեց միջազգային չեմպիոն եմ տվել։ 70-ից ավելի արցախցի երեխա ունենք, ԿԳՄՍ նախարարությունը կարո՞ղ է այդ պատասխանը տալ, ինչի՞ համար են այս երեխաները հիմա փողոցում»,- ասում է նա։