
NEWS.am Հոկտեմբերի 25–ի կեսգիշերին հրազենային վնասվածք ստացած և մահացած տղամարդը 33-ամյա Շմավոն Աթոյանն է, որը ՔՊ–ի տարածքային կառույցի անդամ է և բլոգեր։
Ավելի վաղ հայտնվել էր, որ հոկտեմբերի 25-ին ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ, և կա վիրավոր քաղաքացի։
Մինչ քրեական ոստիկանների դեպքի վայր ժամանումը, ոստիկանության Դավթաշենի բաժին հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ նշված վայրից մեկ անձ «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տուժածը ժամը 02:50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր։
Սպանված Շմավոն Աթոյանը բլոգեր էր, ով հայտնի էր իշխանություններին սատարող հրապարակումներով։
Շմավոն Աթոյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ։
Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագորությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։