Որպեսզի Հայաստանը չդառնա «проходной двор»

  • 19:27 04.11.2025

Նոյեմբերի 4-ի կեսօրին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Այշատ Բայմուրադովայի հիշատակին նվիրված պիկետ։

Ցուցարարները պահանջում էին.

⁃ Այշատի սպանության թափանցիկ, անկախ հետաքննություն

⁃ Պետական ​​օգնություն և պաշտպանություն Չեչնիայից և այլ շրջաններից եկած կին փախստականների համար

⁃ Այս ողբերգության լուսաբանումը հայկական և միջազգային լրատվամիջոցներում

⁃ Եռեք օրվա օրենքի վերանայում. անհետ կորած անձանց որոնումները պետք է սկսվեն անհապաղ։

Ցուցարարներից մեկը նշեց, որ «հաճախ պատահում է, երբ կանայք, ինչպես նաև տղամարդիկ, որոնք փախչում են Չեչնիայից, Դաղստանից և Ինգուշեթիայից ընտանեկան բռնությունից, շարունակում են հետապնդվել նույնիսկ Ռուսաստանից դուրս և այլ երկրներում հայտնվելուց հետո»։

«Մեր պիկետով ցանկանում ենք հայ բնակիչների ուշադրությունը հրավիրել Այշատի պատմության վրա, քանի որ այս սպանությունը տեղի է ունեցել այստեղ՝ Հայաստանում։ Այշատը Կադիրովի հեռավոր ազգականն էր և փախել էր Չեչնիայից՝ ընտանեկան բռնությունից խուսափելու համար։ Ռուսաստանում լավ հայտնի է, որ չեչեն անվտանգության ուժերը և զինյալները հաճախ գործում են անպատիժ՝ առևանգելով կամ սպանելով մարդկանց։ Մենք ցանկանում ենք զգուշացնել հայ հասարակությանը. կարևոր է կանխել նման պրակտիկայի տարածումը այստեղ, որպեսզի երկիրը չդառնա «проходной двор», որտեղ մարդիկ կարող են անարգել գալ և գնալ, հանցագործություններ կատարել և անպատիժ հեռանալ», – ասաց ցուցարարներից մեկը։

Ալվարդ Գրիգորյան