
Հոկտեմբերի 9-ին Տեղ համայնքի ռազմավարական Ուրցասար բարձուքին տեղադրվել է 34 մետր բարձրությամբ Հայաստանի հանրապետության դրոշը, որն, ըստ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, խորհրդանշում է անկախության 34 ամյակը:
Օգոստոսի 8-ից հետո համայնքն այսպես ասած, ապրում է: Մինչեւ օգոստոսի 8-ը ամեն օր լարված վիճակ էր, ամեն օր: Երբ որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է ԱՄՆ-ում, բարձրացել եմ Ուրցասարի գագաթ եւ միտք է առաջացել անկախության 34 ամյակի կապակցությամբ 34 մետր բարձրությամբ դրոշ տեղադրել: Սա Հայաստանի հանրապետությունում ամենաբարձր դրոշն է: Այստեղից անբողջ Սյունիքը երեւում է, Արցախի սարերն էլ են երեւում, ասում է Ղուլունցը:
Էլ ի՞նչ է երեւում Տեղ համայնքում: Շաբաթ օրը որոշեցի գնալ Խնածախ եւ Խոզնավար գյուղեր (Տեղ համայնք) եւ ՏԵՂացիներից իմանալ, թե ինչպես է ընթանում կյանքը պաշտոնական միջոցառումներից զատ: Բայց առանց նրանց հարցնելու էլ նկատվում է, որ միջոցառումներից հետո մթոլորտն այնպիսին է դառնում, ինչպես դրանցից առաջ: Արցախ տանող մայրուղին նույն կերպ դատարկ է, նրա աջ ու ձախ “ափերին” աշնանացան են արել: Արցախցիների մեքենաների փոխարեն ոչխարի հոտն է անցնում, որի համար հենց ճանապարհին սպանդանոց են կառուցել, այդպես էլ նեոնային կարմիր մեծ տառերով գրել ֆասադին:
“Այս բենզալցակայնները Խնձորեսկից մի մեծահարուստ է սկսել կառուցել, բայց այդպես էլ կիսատ է թողել, քանի որ շարժ չկա”, ասում է մի քարաշենցի, ով կանգնել եւ ինձ վերցրել էր ճանապարհին, երբ ես անիմաստ տրանսպորտի էի սպասում: “Մեր գյուղը հենց մայրուղու վրա է, ցանկացած պահի կարող էիր դուրս գալ ճանապարհ եւ գնալ Երեւան, Ղարաբաղից մեքենաների հոսքը չէր կտրում”, ասում է քարաշենցի վարորդը:
Ասում են, դեպի այս գյուղեր վերջերս հանրային տրանսպորտ է սկսել աշխատել, սակայն Գորիսում տաքսիստները դրա մասին տեղյակ չէին, կամ չէին ուզում տեղյակ լինել: Տեղեկատու էլ Գորիսում չկա:
Առանց իմ կոմից թեմա բացելը մարդիկ իրենք էին խոսում պատերազմի ու խաղաղույան մասին.
Եվրոպացիք, ռուսներն ասում են՝ խաղաղություն է լինելու, տեսնենք, – ասում է մի տաքսիստ: Ա, եթի՛մ, շտեղա՞ն եք գիդում, որ խաղաղություն է լինելու, ո՛չ մեկ գարանտիա չի կարող տալ, ո՛չ մեկ, սուտ բաներ են, ասում է ուղեվոր կինը: Եթե մեզ զենք լիներ, այս օրին չէինք հասնի, «արդարանում է» տաքսիստը: Բա դղյակներ են կառուցում, որտեղի՞ց զենք, չի համաձայնում գորիսեցի կինը, մեր հայը մտածելակերպ չունի, եվրեյը նախ պետության, սահմանի մասին է մտածում, հետո` տան, իսկ մեր դեպքում, չեն մտածում, որ Կյուրիսան դուրս գան` էլ սահման չկա, շարունակում է նա:
— Լրիվ ռուսի մեղքն է…
— Դե հա…
— Ալեւը հիմա հաղթողի կարգավիճակում է, չե՞ք տեսնում, անգամ Պուտինի հետ է պոզ-պոզ անում:
— Լավ է… հենց ռուսի մեղն է, որ էս օրին ենք: Ղարաբաղի անկումը նրա՞ մեղքը չէր:
— Պուտին… Ավելի լավ է դրա անունը մի տվեք…
— Ղարաբաղցիների փողը պետությունը տալի՞ս է…
Այսպիսի դիալոգով ընդհատում են նրանք միմյանց, մոռանում, թե Պուտինին, թե Ալիեւին, թե ղարաբաղցիներին ու անցնում կրեդիտով հեռուստացույց գնելու թեմային:
Խնածախն ու Խոզնավարը ասես ոչ թե Հայաստանից, այլ ամբողջ աշխարհից է կտրված: Ինչեւէ, հատկապես Երեւանի աղմուկից հետո հաճելի է գտնվել այստեղ, բայց երբ հիշում ես, թե ինչ է օր ու գիշեր հայկական մեդիան խոսում Սյունիքի մասին․․․ Խոսում են` թող խոսեն, մենք այսպես լուռ կկանգնենք, երեի կասեն Սյունյաց լեռները: Մենք էլ ենք լուռ կանգնած, հետո՞, երեւի դիմացից կարձագանքեն Արցախի լեռները:
Ստեփանակերտի՞ց ես գալիս, կատակում է խնածախեցի Միշա պապիկը: Հա, պատասխանում եմ ես: Թուրքեր չե՞ս տեսել, հարցնում է նա.․. Միշա պապիկը լրջանում է ու ասում, որ տրամադրություն չունի. “պառավս գնացել` թողել է ինձ մենակ”, հոգոց է հանում նա: Միշա պապիկին հաջողություն մաղթելով, ես գնում եմ Անիին բարեւելու:
Անին զինվորական համազգեստով մարդկանց հայաստաններ է ասում: “Էն սարի վրա հայաստաններ կան, էսօր հայաստանների եմ տեսել, մորքուրի տան մոտով երեք հայաստաններ են անցել”, ասում է նա ու պատռում կոնֆետի տութը: Անիի եղբայրն էլ ասում է, որ շուտով ինքն էլ է հայաստաններ դառնալու եւ ծառայելու է 1,5 տարի: “Կես տարի շուտ կգամ տուն, պապային մի բանով կօգնեմ”, ասում է նա:

Ինչպես նախորդ այցի, այս անգամ էլ Խոզնավարն ավելի աշխույժ ու բարեկարգ էր, քան Խնածախը: Ջուրը կա, նոր ասֆալտին անցում են գծում քաղաքավարի, գյուղամիջին երեխաները գնդակ են տշում:
Վերջը բարի լինի, բայց չգիտենք, ասում է Արցախի Մարտունուց այստեղ հարս եկած մի կին: Խաղաղվում է, մարդիկ սկսում են անասուններ գնել, վիճակը լարվում է` վաճառում են: Արդեն այնքան ենք խաբվել, որ չենք հավատում ոչ մի երաշխիքի: Մենք պատերազմ տեսանք, մեր երեխեքը տեսան, իրենց երեխեքն էլ տեսան արդեն: Հիմա հա, խաղաղ է, բայց ինչ կլինի ապագայում, ոչ մեկ ասել չի կարող, ասում է նա:
Մարութ Վանյան