Թրամփի ուղին հստակ չէ․ Միրզոյան

  • 14:09 05.11.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեռ հստակ չէ՝ երբ կգործարկվի «Թրամփի ուղին»։ «Հստակ է, որ կարող է լինել երկաթուղի, կարող են լինել գազամուղ, նավթամուղ, էլեկտրական հոսանքի գծեր։ Այդ բոլորը կարող են քննարկվել»,- ասաց նա։

Միրզոյանը հստակ պատասխաններ չտվեց այս մասին հարցերին, ասաց, որ ժամկետ, փայաբաժին հստակեցված չեն։ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում ամրագրված երրորդ կողմի ներգրավման մասին էլ ասաց․ «Երրորդ կողմ ասելով՝ այս կոնտեքստում նկատի չունենք երկիր, կառավարություն, մենք նկատի ունենք, որ այո, ԱՄՆ-ն եւ Հայաստանը կհիմնադրեն ընկերություն, որը կունենա կառուցապատման իրավունք։ Եվ երեւի շինրարարությունը կարտապատվիրակվի ինչ-որ շինարարական ընկերության, դա էլ հստակ չէ»։

Հարցին՝ ապաշրջափակումը երբ կլինի գործնականում, նա պատասխանեց․ «Ոնց որ թե ապաշրջափակման ինչ-որ կոմպոնենտ արդեն եղավ, հենց հիմա կամ մտել են Հայաստանի սահման, կամ մոտենում են Հայաստանի սահմանին բեռներ, որոնք շարժվել են Ռուսաստանից եւ Ղազախստանից եւ անցնում են Ադրբեջանի տարածքով՝ ադրբեջանական երկաթուղիներով, հետո Վրաստանով եւ մտնում են Հայաստան։ Կարո՞ղ ենք ասել, որ ապաշրջափակման մի կոմպոնենտ եղավ, կարծում եմ՝ այո։ Հետո կլինի ուրիշ կոմպոնենտ։ Հետո, երբ ընթացակարգերով հարցերը կլուծվեն, կլինի Հայաստան-Ադրբեջան ուղիղ կապով ենթակառուցվածք՝ երկաթուղի։ Ինտենսիվ քննարկումներ ենք անում, ես չեմ կարող ասել՝ երբ կդրվի առաջին ռելսը եւ երբ կգնա առաջին վագոնը։ Բայց ես կարող եմ ասել, որ մենք՝ որպես կառավարություն ու պետություն, շահագրգռված ենք, որ դա լինի օր առաջ»։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Միրզոյանն ասաց․ «Մենք Թուրքիայի հետ ունենք գրեթե ամենօրյա երկխոսություն, եւ այս երկխոսության վեջնանպատակը սահմանների բացումն է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Ես հույս եմ հայտնում, որ առաջիկայում մենք կունենանք շատ շոշափելի արդյունքներ այս ճանապարհին։ Իհարկե, դրանց մի մասը Գյումրի-Կարս երկաթուղու բացումն է։ Մոտ ապագայում դրա հնարավորությունը կա»։