Երբ պադվալի վարձրն էլ է դժվար տալ

  • 12:39 06.11.2025

Մայրս Սզնեքից է, հայրս Կոլխոզաշենից, որտեղ իմ մանկությունն է անցել: Հայրս մահացել է, իսկ երբ մայրս է հիվանդացել, նրան տեղափոխել ենք Ստեփանակերտ: Դուրս գալուց էլ (2023թ.) մի կերպ ենք համոզել, ասում էր՝ մի վերմակ տվեք` գնում եմ մորս հանգիստին նստեմ, ոչ մի տեղ չեմ գալիս, գնում եք` գնացեք, հիշում է նրա աղջիկը` Գայանեն, ով դստեր Ինայի եւ մոր Ժենյայի (Եվգենիա) հետ Գորիսում մի հինգհարկի նկուղում են վարձով ապրում արդեն երկու տարի:

Բնըձուրեն աղբյուրը, Յերեշենը, Պռավեն խաչը… Անընդհատ իր գյուղն է հիշում Ժենյա տատին, ասում է՝ մի անկյուն չունի հիմա: Նա մի կերպ է արտաբերում բառերը, գրեթե խոսել չի կարողանում, աղջիկը, Գայանեն է օգնում նախադասություններ կազմել. “պրոստի՞ն, прости?, չեմ հասկանում ինչ ես ասում, մամ”:

Իսկական դժողք էր, բլոկադայի օրերն է հիշում Գայանեն: Շորերը թափել եմ գետնին ու շփոթված մնացել կանգնած, չէր ստացվում իրեր հավաքել: Հարեւանները վառում էին դրանք, ես չէի կարողանում: Եղբորս ձեռագործ խաչն եմ մոռացել վերցնել, որ նա նվիրել էր ինձ, ափսոսում է Գայանեն: Չգիտեի, ում հրային հասնել, երբ ռմբակոծում էին քաղաքը: Ինան մի նկուղում էր, մայրս մեկ այլ, ասես չար երազ լինի, երբ հիշում եմ: Հինգ տարի է, ես մի օր հանգիստ չունեմ, ասում է նա: Ստեփանակերտ մեր տունն առաջին հարկում էր, արդեն ցելոֆան էլ չկար, ես լվանում ու փռում էի, հարեւանները գալիս հարցնում էին՝ կարելի՞ է մի հատ վերցնել, անվճար է, վերցրեք, պատասխանում էի ես:

Հիմա Գայանեն մի հարկ էլ է իջել եւ ծեր մոր ու աղջկա հետ գոյատեւում է Գորիսում ինչպես կարողանում է:

20 hազար դրամ էլ չի ստացվում խնայել, որպեսզի մայրիկի ծննդականը վերականգնեմ: Հենց այդքան են պետական տուրք պահաջել փաստաթուղթը վերականգնելու համար: Ոչ մի ամսաթիվ չի հիշում, հիվանդ, մեծ կին է, ասում է Գայանեն: Հազիվ վարձն եմ տալիս եւ օրը հազար դրամի սնունդ գնում, երկու տեղ մաքրություն անելով, եկամտի ոչ մի աղբյուր չունեմ: Առաջարկել են երկար աշխատել եւ ավելացնել աշխատավարձը, բայց 76 տարեկան մորս ո՞վ պետք է խնամի, հարցնում է նա, կաթված ստացած, ոչ ուտել է կարողանում, ոչ շարժվել: Չեմ կարողանում անգամ հիվանդանոց տանել, որպեսզի անալիզներ հանձնի, որպեսզի հանձնաժողովը կարողանա կարգ նշանակել, մերժում եմ, գոնե բժիշկները գան եւ տեղում ինչ որ բան անեն: Մի անգամ զոռով հիվանդանոց եմ տարել, աստիճաններով չի կարողանում բարձրանալ, ասում է՝ ես այլեւս այնտեղ չեմ գնա:

 

Գայանեն անհնրաժեշտ փաստաթղթերը ցանկանում է վերականգնել, ՀՀ քաղաքացիություն ստանալ` բնակարանային ծրագրից օգտվելու համար: Չգիտեմ, չեմ ուզում փոխել, բայց այլընտրանք չունեմ: Ո՞ւր գնամ, միայն վախենում եմ, որ այստեղ էլ պատերազմ կսկսվի: Անգամ այդ թուղթն է հարազատ (Ժենյա տատիկը գլխով “ոչ” է անում, ի նշան, որ ինքն էլ չի ուզում), երեխայի ծննդականը լամինացրել էի, սակայն պահանջել են, որ փաստաթուղը պետք է պատշաճ կերպով ներկայացնել: Ձեռքս չէր գնում, սիրտս ցավում է, ինչո՞ւ պետք է իմ խոխիս ծննդականը փոխեմ: Ինչեւէ, նորն են տվել այստեղ, երկար, կնիքներով մեծ թուղթ է, ստանդարտ թուղթ է` կոմպյուտերով հանած, նկարագրում է Գայանեն: Այստեղ, Գորիսում մի փախստական ասել է, որ 10 մլն դրամով կարողացել է տուն գնել, չգիտեմ, ես էլ պետք է փնտրեմ: Երեւանը չի ձգում, չեմ էլ ցանկանում այնտեղ ապրել, անցած անգամ երեխան կորել էր, նրան եկեղեցու մոտ կուչ եկած եմ գտել աղոթելիս: Որքան սթրես է տեսել խեղճ երեխան, իսկ հարեւաններս ծաղրում էին, որ նա մի կանգառ շուտ էր իջել եւ կորել:

Ինչեւէ, Ինան ասում է, որ Երեւանի դպրոցն ավելի լավն էր, քան Գորիսինը: Երբ ինձ նեղացրել էին, աղջիկները շարք էին կանգնել եւ ասել՝ արի, գնում ենք այդ Նարիկոյին կոշիկներով ծեծենք, եթե դու մեր ընկերուհին ես, պետք է գաս, ասես թիկնապահներս լինեին, ոգեւորված պատմում է Ինան, ում ապագա ամուսինը պետք է $500,000 վաստակի:

Ինան Գորիսի ակցենտով է խոսում եւ Ստեփանակերտից միայն Ռոյալ խանութն է հիշում իրենց տան դիմաց: Երրոդ դասարանում անգլերեն էի անցնում, հիմա` ֆրանսերեն, լրիվ խառնում եմ իրար, ասում է նա:

Գայանեն ավելի շատ իր կանացի ներըմբռնմանն (интуиция) է հավատում, քան քաղաքական գործիչներին: Պատերազմ հաստատ լինելու է, վստահ ասում է նա: Չեմ ցանկանում, բայց լինելու է: Ստեփանակերտում էլ ես դա զգում էի, ես անգամ պատկերացնում էի այն տեսարանը, թե ինչպես է ժովովուրդն ընկնում ճանապարհն ու գնում: Ասես հայերի ցեղասպանությունը շարունակվելիս լինի այսօր, ամեն օր Տիգրանի մահվան լուր ենք լսում:

Գորիսը գոնե կռվելու է, բայց թե վերջն ինչ է լինելու` պարզ չէ, իսկ Երեւանում ընդհանրապես մարդ չի մնալու: Երբ տեսնում եմ, թե ինչպես են այսօր Գորիսում վերանորոգման աշխատանքներ կատարում, Ստեփանակերտն եմ հիշում: Ասես նույն սցենարը պետք է կրկնվի: Այնտեղ էլ այսպես էր, չէ՞, սարքեցինք` տվեցինք (Է~ սուտ է, հանդիմանում է աղջկան Ժենյա տատիկը): Ալիեւն ասել է Ստեփանակերտում սուրճ է խմելու եւ խմում է, հիմա էլ Սյունիքի վրա է աչք դրել: Ամեն դեպքում, ես ուրիշ տեղ գնալ չեմ ուզում, այսքանից հետո ես ռուսի հողի վրա ոտք չեմ դնի երբեք, չնայած հարազատներս ասում են արի: Բայց էլի ասում եմ՝ Աստված մեծ է, ես այստեղ եմ ուզում ապրել, միայն թե մի փոքր աջակցություն լինի:

Մարութ Վանյան

Լուսանկարներ

Եվգենյա տատիկը Գորիսի “իր” նկուղում

Ինայի դասասեղանը Գորիսում

Ինան եւ իր տատիկը Ժենյան․ Ժենյա, Եվգենյա, Էլա, տատիկս երեք անուն ունի, ասում է նա

 Արցախից բերած վեշերը

 Տեսարան Գայանեի պատուհանից. Գորիս

 “Տան” շքամուտքը