
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախօրեին կայացած համաժողովի ընթացքում նոր մանրամասներ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին։
Ուիթքոֆն ասել է, թե օգոստոսի 8-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ Թրամփն Ալիևին, իբր, հարցրել է.
«Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք հաղթանակ տարաք, դուք մեծ բանակ ունեք»։ Ադրբեջանի առաջնորդը պատասխանել է. «Ես ուզում էի վերադարձնել այն, ինչ մեզանից խլվել էր։ Ինձ ավելին պետք չէ»։
Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ դա «հիանալի որոշում» էր և նախագահ Ալիևին մատնանշել է որպես իմաստուն պետական առաջնորդության օրինակ։
Թրամփի հարցը, որին հղում է անում Ուիթքոֆը, ցույց է տալիս, որ ամերիկյան իստեբլիշմենթի ընկալումների մեջ չկա որևէ սահման նվաճված Արցախի և մնացած Հայաստանի միջև։ Արցախը ընկալվում է որպես Հայաստանի մաս, այդ իսկ պատճառով Թրամփը «զարմացած» է, որ Ալիևը չի գնացել ավելի հեռու և չի նվաճել ամբողջ Հայաստանը։
Ուիթքոֆի հայտարարությունը, իհարկե, ընկալվել է որպես գովասանք Ալիևի հասցեին, ով ուժեղ է, բայց «ուրիշի հողի վրա աչք չի դնում»։ Իրականում դա ուղիղ մեղադրանք է Հայաստանի մի մասը գրավելու համար, նուրբ ակնարկ այն մասին, որ Ալիևը կարողացել է գրավել հողը միայն այն պատճառով, որ իր բանակն այդ ժամանակ ավելի ուժեղ էր։