
Step1.am-ի զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։
-Տիկին Ավագյան, Ալիեւը հերթական անգամ նկրտումներն է ներկայացրել հայկական տարածքների նկատմամբ՝ նշելով, թե իբր Ցարական Ռուսաստանը հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից բերել, վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Ինչպես նաեւ ՀՀ ներկայիս տարածքներն է ադրբեջանական որակել։ Սրան զուգահեռ ՀՀ այսօրվա իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ ինչ-որ խաղաղության հնարավորության մասին ու հրաժարվում են հայկական իրավունքներից։ Ինչպե՞ս եք սա գնահատում եւ ինչպե՞ս պետք է հակազդել այս ամենին։ Ստացվում է, որ ադրբեջանցիները իրենց կեղծ պատմությունն են ստեղծում մեր տարածքների ու պատմության հաշվին, իսկ մենք հրաժարվում ենք բոլոր իրավունքներից։
-Հայությունը իր կենսատարածքի այս փոքր հատվածի վրա պետականություն վերահիմնելով 1918-ին, կարելի է ասել, ընթացող Հայոց ցեղասպանությանը զուգահեռ, շարունակում էր մնալ թուրքական արմենոֆոբ ու ցեղասպանական ծրագրերի թիրախ։ 1918-1923 թվականներին հաջորդեցին 1988-1992 թվականները, երբ թուրքական ծրագրերի մի կարևոր բաժին էլ իրողություն դարձավ՝ վերջնական հայաթափվեցին Նախիջևանը, Կուրի ձախ ափը, Շիրվանն ու Գարդմանքը։ Հայության կենսատարածքը կրկին կրճատվեց, այս անգամ էլ մնացած հողերից առնվազն երկու անգամ։ Ու հայությունը, թվում էր, թե անվտանգ, տեղավորվեց շուրջ 42 հազար քառ. կմ վրա։ 2020 թվականից մինչև 2023 թվական մենք կորցրել ենք ևս շուրջ 12 հազար քառ․ կմ։
Որևէ պետության սթափ ղեկավար պետք է առաջնային գնահատի տարածքի նշանակությունը պետության գոյության ու ամրացման հարցում, այդ տարածքի վրա ապրող բնակչության գոյության համար։ Իսկ «իրական» Հայաստանի դեպքում առայժմ թուրքն է որոշում ու իրեն հարմար կտրում-ձևում հայոց պետականության սահմանները։ Պարզագույն մի օրինակ, երբ Տավուշում՝ հորինված ալմա-աթյան սկզբուքներով սահմանազատման շղարշի տակ Բաքվի պետությանը «վերադարձվեցին» հայկական տարածքները, տավուշեցու ձևակերպմամբ՝ մինչև վերջին սանտիմետրը, իսկ Հայաստանին այդ նույն ալմա-աթյան սկզբունքներով պատկանող 800 հա հողակտորի համար ծպուտ անգամ չհանեցին ու չփորձեցին Բաքվի պետությունից հետ պահանջել նույն սահմանազատման ընթացքում։
Տպավորություն կա, որ իլխամը նոր չէ, որ բռնանալով հայկական իշխանությունների հանդեպ, կարողանում է կորզել հողերի նորանոր բեկորներ, մի դեպքում, ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 13-15- ին էր, ուղղակի ագրեսիայով, մի այլ դեպքում էլ հայկական իշխանությունների աճպարարության օգնությամբ։ Հողի, հողակտորի զավթումը ցանկացած քոչվորի համար մնում է առաջնային հարց, քանի որ այդ հողը, հատկապես, վերջին 50-60 տարիներին արդեն «քաղաքակրթված» թուրքի համար պատմագիտության, հնագիտության, ազգագրության հորինման, ստեղծման «աղբյուր» է։
Իլխամն ընդամենը թուրքական ծրագրերի սկզբունքային իրականացնող է, ու այդտեղ նորություն չկա, անգամ մեթոդների ու մեթոդաբանության առումով։ Մեթոդը աղավաղումն է, նպատակը՝ ստեղծել հայության կենսատարածքի վերջին բեկորի համար մասնատման ու զավթման փափուկ և նպաստավոր պայմաններ։ Իլխամին հաջողվում է հայաստանյան իշխանավորներին, ինչո՞ւ չէ, նաև հանրությանը կառավարել «փափուկ ուժով», երբ ամեն առավոտ դեմ է տալիս կարգին մշակված ու ձևակերպված մի նոր քաղաքական կեղծ թեզ, բայց այնպես, որ նախորդ կեղծ թեզը արդեն ակտիվ մտցվել է միջազգային դաշտ։ Իսկ անկարող հայաստանյան իշխանավորները արդեն չեն էլ փորձում հակազդել թե նախորդ, թե նոր ձևակերպված կեղծիքին։ Հայաստանյան իշխանավորներին մնում է իրավիճակը «փրկել» շղարշելով այն ակնհայտ հակապետական, հակահայաստանյան, հայաստանակործան քայլերով ու առանց վարանելու դառնալ իլխամի պլանների իրականացման համար հենման կետ։ Նման իրավիճակը թուրքին միայն ոգևորում է, քանի որ հասկանում է, որ ինքը «փափուկ» մխրճվել է հայաստանյան իրողության կառավարման ոլորտ։
Հայկական քաղաքական իրականությունն այսօր փաստացի շատ կախյալ է իլխամի՝ որպես թրքական ծրագրեր առաջ մղողի, քաղաքական աշխատակազմի պլաններից, հայաստանյան իրականության մեջ օրակարգ թելադրողը վերջինս է։
Քիչ է ասել, թե սա սկիզբ է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայության դեմ տարված ցեղասպանական պատերազմին հետևած նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից։ Չէ, սա սկիզբ է առել շատ ավելի վաղ, միգուցե այն պահից, երբ ՀՀ առաջին նախագահը Հեյդարի հորդորով և ի հեճուկս Վլադիմիր Կազիմիրովի (ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ) հրադադարի պայմանագրի տակ իր ստորագրությունը դրեց, թե այն պահից, երբ արտաքին կառավարման տակ 1999 թվականին գլխատվեց հայկական պետականամետ վերնախավը, կամ երբ «գույք պարտքի դիմաց» ծրագրով հյուծեցին Հայաստանին ու քողարկված տարան հայոց պետականության քայքայում՝ ներսից, պետականության ու հայ հանրության քայքայում՝ դրանց բոլոր շերտերում։
Արտաքին կառավարման տակ ձևավորված հայկական քաղաքական վերնախավը նոր չէ, որ հեռացել ու մերժել է հայկական շահն ու հայության վերապրման բնական իրավունքը իր կենսատարածքի վրա։ Թե նախիջևանցիների ճակատագրի շրջանցումը, ապա բաքվեցիների, շիրվանցիների ու գարդմանցիների, գանձակեցիների ու շահումյանցիների փախստական դառնալու փաստի, հայության այդ բեկորների իրավունքների և շահերի արհամարհումը, մոռացումը եղել ու մնում են հայաստանյան քաղաքական վերնախավի վերարտադրման կարևոր պայման ու հանգամանք։ Ու դրանք վերարտադրվում են արտաքին աջակցությամբ, հիմա էլ արհամարհելու ու մոռացության մատնելու Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանությունը, շրջանցելու փախստական դարձած արցախցու՝ իր տուն դառնալու ու ինքնիշխան ապրելու իրավունքը։
Այո, հայաստանյան քաղաքական վերնախավը արտաքին կառավարման տակ ձևավորել ու պահպանում է պարարտ միջավայր իլխամի նորանոր հակահայ, արմենաֆոբ, ֆաշիստական պրոյեկտների իրականացման համար։ Ահա իլխամն էլ իր «արևմտյան ադրբեջանի» նախագծի կողքին դնում է հաջորդ «փափուկ» նկրտումը «Սևան-Գյոկչա» բառախաղով։ Ու հայության գլխին մի նոր սև ամպ է կախվում, երբ իլխամը, օգտվելով հայաստանյան քաղաքական վերնախավի անկատար, թերաճ ու արտաքին կառավարման տակ լինելուց, քաղցրահամ ջրերի էկոլոգիական ձևակերպումով թիրախավորում է Սևանա լճի հայապատկան լինելը։ Նոր «էկոակտիվությունը» Հակարիի կամրջից անցնում է արդեն Հայաստանի սահմաններից ներս՝ Սևանա լճի վրա։ Ու այս դարանակալած սպառնալիքները մեկը մյուսի հետևից մեզ դեմ է տալիս իլխամը, քանի որ չունենք սթափ հայաստանյան քաղաքական կառավարման համակարգ, ասել է թե կասկածի տակ է Հայաստանյան պետականության դիմադրողականությունը, կենսունակությունը։
-Ի՞նչ մեխանիզմներ կան՝ դիմակայելու այս ամենին, ի՞նչ պետք է անել։
-Երբ իլխամը «պատմում է», թե «արևմտյան ադրբեջանի ադրբեջանցիների վերադարձից» վախենալ պետք չէ, քանի որ դրանք չեն տառապում սեպարատիզմով, ապա հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները չեն հակադարձում, թե ի՞նչ սեպարատիզմի մասին խոսք կարող է լինել այնտեղ, որտեղ այդ նույն «ադրբեջանցու» ձեռքով իսպառ մորթվել, քշվել ու վերացվել են հայերը։ Նախիջևանում, Շիրվանում, Գարդմանում այլևս հայեր չկան արդեն 1992 թվականի հունիսից այս կողմ։ Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները, հանձինս մեր ցեղասպանագետների ու դրանց ինստիտուտի, չեն հակադարձում իլխամին ու չեն տալիս գնահատական Նախիջևանում, Շիրվանում, Գարդմանում 1988-1992 թվականներին տեղ գտած հայության բնաջնջման փաստին, չեն վերահաստատում Հայկական ԽՍՀ ԳԽ 1990 թվականի փետրվարի 13-ի որոշումը, որով Բաքվի պետության վերահսկողության տակ հայտնված հայկական բնակավայրերում տեղ գտածը բնորոշվեց ցեղասպանություն։
Այսօր էլ նույն արտաքին կառավարման տակ Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները, հանձինս մեր ցեղասպանագետների ու դրանց ինստիտուտի, գնահատական չեն տալիս 2020-2023 թվականներին Արցախի ու նրա հայության հետ կատարվածին։ Չեն ասում, որ եթե խոսվի «վերադարձի մասին», ապա նախ պետք է պայմաններ ստեղծվեն Նախիջևանից, Շիրվանից, Գարդմանից ցեղասպանվելու վտանգի տակ փախած հայերի համար, իսկ սա պահանջում է հստակ քաղաքական գործողություններ՝ Բաքվի պետության դենացիֆիկացիա, արմենոֆոբիայի ու ֆաշիզմի ախտահանում, Բաքվի ռեժիմի վերացում, «ադրբեջան ու ադրբեջանցի» տերմիններից հրաժարում, պետական համակարգի վերաձևում՝ ընդհուպ կոնֆեդերացիա Թալիշստանով, Լեզգիստանով հանդերձ։
1992 թվականից սկսած էլ ցեղասպանությունից ինքնապաշտպանությամբ փրկված հայերի վրա ցեխ էին շպրտում «սեպարատիզմ» վտանգավոր եզրույթով, իսկ այսօր էլ Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները չեն հակադարձում արմենոֆոբիայով տառապող ֆաշիստ իլխամին այն մասին, որ հայության հենց ինքնապաշտպանական իրավունքն էր մղում ինքնիշխանության, երբ Բաքվում տեղավորված թրքական ցեղասպան ռեժիմը վերարտադրեց 1894 թվականից հայության դեմ կիրառված յաթաղանի քաղաքականությունը ու դա կիրառեց իր վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայկական բնակավայրերում։ Յաթաղանի ուժի դեմ անհամարժեք ուժով դիմադրած հայության մի հատված փրկվեց ու հայտնվեց Արցախում:
«Արևմտյան ադրբեջանի ադրբեջանցիների վերադարձը» ցեղասպանական հաջորդ մոդելն է, որ իլխամը հետամուտ է լինում Հակարիի կամրջի «էկոակտիվիզմի» ցեղասպանական մոդելից հետո՝ կիրառելու տեղաբնիկ հայության դեմ։
Շրջափակման մեջ ու սովամահության շեմին Արցախի հայությունը Աղդամի կողմից «հաց » չընդունեց, քանի որ Արցախում ապրող Սումգայիթի ու Բաքվի, Շահումյանի ու Մինգեչաուրի 1988-1992 թվականների ցեղասպանությունից փրկված հայը գիտեր, թե ինչ է թուրքի նվիրած «հացը»։ Այսօր Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները Բաքվի պետության տարածքով Հայաստան բերած հացահատիկը հայությանը մատուցում են իբրև խաղաղության հաստատման վկայություն, փորձելով չխոսել անգամ դրանից մեկ-երկու օր առաջ իլխամի կողմից արված հիշեցումը «արևմտյան ադրբեջանի ադրբեջանցիների վերադարձի» ու «Սևան-Գյոկչա» պրոյեկտների մասին։ Եզրահանգումը մեկն է, որ Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները արտաքին կառավարման տակ, գիտակցորեն հայության կենսատարածքի վերջին բեկորի վրա կասկածի տակ են դնում հայության գոյությունն ու անվտանգությունը։
Հայաստանյան քաղաքական կառավարման համակարգը հանձն է առել 2026 թվականի աշնանը Հայաստանում անցկացնել կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ միջազգային համաժողով, սակայն ոչ միայն լուռ ու համր է, այլև քաղաքացիական հասարակությանն է փորձում լռեցնել, որ չխոսեն թե ինչ է արել այդ նույն Բաքվի պետությունը Շիկահողի պետական արգելոցի ու Սև լճի արգելավայրի կենսաբազմազանության դեմ, էլ ի՞նչ խոսք Արցախի տարածքում էկոցիտի մասին։
Հաստանյան քաղաքական կառավարման համակարգը ու դրա սատելիտները 30 տարիներ խարխլեցին Հայոց պաշտպանական ամրոցները, այսօր էլ պատրաստ են բացել դռները։ Հայությունը այսօր էլ կողքից այլ պայքարող ժողովրդների համար ընկալվում է որպես միասնական ու անկոտրում ժողովուրդ։ Հայության կենսունակությունը գենետիկ նյութով անգամ պահպանվում ու փոխանցվում է անվարան՝ հայությանը տալով իր կենսատարածքի վրա հարատևելու նորանոր միջոցներ և ուղիներ։
Ռոզա Հովհաննիսյան
Карта Севрского договора 1920 года