
«Իմնեմնիմի» փոդքասթում Սերժ Սարգսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության հստակ ցուցակ կար, որոնք հետագայում գերի են ընկել։
«Ես խիստ կասկածում եմ, որ այս ցուցակի կազմելու ժամանակ չի եղել Հայաստանի միջամտությունը։ Օրինակ, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները թույլ տային Պաշտպանության բանակի գործող հրամանատարին հասնել Հայաստան, բայց ցուցակում ներառեին նախկին պաշտպանության նախարարին։ Կար հստակ ցուցակ, և Սամվել Շահրամանյանը [Արցախի նախկին նախագահ – խմբ.] գիտի դրա մասին. կգա ժամանակը, երբ նա կխոսի դրա մասին», – ասել է նա։
Երրորդ նախագահը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը 2023 թվականին երկու տարբերակ ուներ՝ փախչել Հայաստան և դրանով իսկ վարկաբեկել իրեն՝ ներկայիս իշխանություններին պատրվակ տալով պնդելու, որ նրանք լքել են իրենց ժողովրդին, կամ ինքնազոհաբերության գնալ։
«Նրանք ընտրեցին երկրորդ ճանապարհը։ Նրանք մնացին, մինչև բնակչության 99.9%-ը անցավ անցակետով», – ասաց նա։
Սարգսյանը նաև հայտարարեց, որ հնարավոր է եղել Ղարաբաղի ղեկավարներին օդային ճանապարհով տարհանել, ինչպես դա արվեց Սամվել Շահրամանյանի և մի քանի այլ անձանց հետ, սակայն որոշակի հանգամանքներ խանգարեցին այս տարբերակի իրականացմանը։
Երբ նրան հարցրին, թե կարո՞ղ է պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունները նրան կհանձնեն ադրբեջանական կողմին՝ պահանջի դեպքում, նախկին նախագահը պատասխանեց, որ չի կարծում, որ բանը դրան կհասնի։
Հատկանշական է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս ո՛չ Սերժ Սարգսյանն է, ո՛չ էլ որևէ մեկը չի փորձել հիշատակել Ռուսաստանի մասին։
Իսկ որտե՞ղ էին ռուսական զորքերը, երբ Արցախի ղեկավարությունը հանձնվում էին Բաքվին։ Ինչպես նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության 2025 թվականի նոյեմբերի 7-ի հայտարարության մեջ, «2023 թվականի սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ռուս զինվորականները նպաստել են հրադադարի ռեժիմին, ապահովել են խաղաղ բնակչության անվտանգությունը, տեղավորել են մոտ 5000 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ավելի քան 2000 երեխաների, իրենց տեղակայման կետերում և դիտակետերում, և երաշխավորել են հայ բնակչության անվտանգ անցումը դեպի Հայաստան»։
Այլ կերպ ասած, 2020 թվականի նոյեմբերի 10-ին «խաղաղություն» հաստատելու նպատակով Արցախում հայտնված ռուսական զորքերը ավարտել են իրենց առաքելությունը՝ «անվտանգ» հեռացնելով ամբողջ Արցախի բնակչությանը իրենց հազարամյա հայրենիքից։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը որպես պատանդ հանձնել են Բաքվին, ըստ նախապես կազմված ցուցակի։
Հիշեցնենք, որ 2024 թվականին ռուսական զորքերի Արցախը լքելուց առաջ մի ռուս գեներալ Ակնայում իր թուրք գործընկերոջը զեկուցում էր, որ Ռուսաստանը և Թուրքիան վերջապես հաջողության են հասել և տարածաշրջանում խաղաղություն են հաստատել։