Արցախցիներին այդպես զրկում են քաղաքացիական և գույքային իրավունքներից

  • 18:08 08.11.2025

Արցախցի Մարատ Եգանյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է արցախցիների քաղաքացիության հարցին։

2023 թվականի բռնի տեղահանությունից հետո ՀՀ կառավարությունն արցախցիներին բնակարանով ապահովելու համար որպես պարտադիր պայման է սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալը։ Այնինչ, արցախցիները պնդում են, որ իրենք վաղուց ՀՀ քաղաքացի են, քանի որ ունեն ՀՀ անձնագրեր։ Մարատ Եգանյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունեին արցախցիները միչեւ 2023 թվականը, ի՞նչ է փոխվել հիմա, եւ ՀՀ իշխանությունների այս քաղաքականության հետեւանքով արցախցիների գույքային եւ մյուս իրավունքները ինչպես են վտանգվում։

Մարատ Եգանյանի խոսքով՝ արցախցիներին Արցախի հետ կապում է երկու հիմնական իրավունք՝ քաղաքացիական իրավունքների համակարգը, երկրորդը՝ գույքային իրավունքների համակարգը։ Այսօր արցախցիներին փորձում են զրկել գույքային եւ քաղաքացիական իրավունքներից։ Իսկ քաղաքացիական իրավունքը մասնավրապես հենց վերադարձի իրավունքն է։

«Հիմա նայենք, թե ինչ է կատարվում։ Երբ մարդիկ համապատասխան դիմում են գրում՝ խնդրելով, որ իրենց տրամադրեն ՀՀ քաղաքացիություն (մինչդեռ իրենք առանց դրան էլ ՀՀ քաղաքացիներ են), այդ դիմումն ինքն իրենով արդեն իսկ հիմք է, որպեսզի Ադրբեջանը հետագայում ասի, որ արցախցիներն այլեւս որեւէ քաղաքացիական իրավունք չունեն Արցախի նկատմամբ։ Միջազգային նման պրակտիկա կա, որ եթե անձը դիմում է մեկ այլ պետության քաղաքացիություն ստանալու, այդ դիմումի առկայությունն արդեն կարող է իր առաջին պետության համար հիմք հանդիսանալ՝ իրեն զրկելու քաղաքացիությունից եւ քաղաքացիական բոլոր իրավունքներից։ Երբ արցախցին Հայաստանում դիմում է գրում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, կարծես ոչ մի բանից չի զրկվում, բայց եթե այդ դիմումների մասին տեղեկությունները հայտնվում են Ադրբեջանում, ապա դա հիմք է հանդիսանում, որպեսզի ցանկացած քաղաքացիական իրավունքի, այդ թվում՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ Ադրբեջանն ասի՝ դուք ի՞նչ կապ ունեք Արցախի հետ, դուք արդեն քաղաքացիական որեւէ իրավունք չունեք այստեղ։ Այսինքն՝ դրանով միանգամից արցախցիներին ասում են՝ Հաագայի դատարանի որոշումը քեզ չի վերաբերում, դու քաղաքացիություն ձեռք բերելու դիմում ես գրել։ Այսինքն՝ քաղաքացիական բոլոր իրավունքներից զրկում են մարդկանց»,- ասաց Մարատ Եգանյանը։

Նա հավելեց, որ սա Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ համակարգված ու համաձայնեցված գործընթաց է, որի հետեւանքով այդ բոլոր դիմումների պատճենները մեծ հավանականությամբ հայտնվելու են Ադրբեջանում։ «Մենք դեռեւս շատ տաք ենք, չենք հասկանում, թե ինչ է կատարվում։ Արցախցիներն այս իրավիճակում չեն հասկանում, թե ինչ է կատարվում, փորձում են ամեն տեղից փող հայթայթել, որպեսզի իրենց ապրուստը որեւէ ձեւով կազմակերպեն։ Եվ օգտվելով դրանից՝ ՀՀ այսօրվա իշխանությունն այսպիսի գործընթաց է կազմակերպում»,- հավելեց նա։

Մարատ Եգանյանի խոսքով՝ եթե հնարավորինս շատ արցախցիներ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում գրեն, եւ այդ դիմումները հայտնվեն Ադրբեջանում, այդ հիմքով Հաագայի դատարանը կարող է արցախցիների վերադարձի վերաբերյալ իր որոշումը վերանայել։

Նրա խոսքով՝ կան այլ քայլեր, որոնց միջոցով արցախցիներին զրկում են նաեւ գույքային իրավունքներից, քանի որ կոչ են անում դիմումներ ուղարկել Միջազգային դատարան եւ գույքի դիմաց փոխհատուցում պահանջել։ Բայց փոխհատուցումն ինքն իրենով ենթադրում է իրավունքի սպառում։ «Ահա այսպիսի տարբեր նախաձեռնություններով Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը ձեռք ձեռքի տված, օգտագործելով այն մարդկանց, ովքեր արցախցիների համար հաճելի խոստումներ են տալիս, իրենց վերադառնալու, սեփականության եւ բոլոր իրավունքները զրոյացնում են»,- ասաց նա։

Մարատ Եգանյանի խոսքով՝ արցախցիների ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակի դիմումում կա հետեւյալ միտքը՝ «եթե սխալ տեղեկություն եք հայտնել մեզ, ապա դրա համար կրելու եք քրեական պատասխանատվություն»։

«Եվ այնտեղ գրված է, որ անձը որեւէ այլ պետության քաղաքացի չէ, ինչը ՀՀ պետական մարմինները փորձում են մեկնաբանել, իբրև թե դա նշանակում է որ դիմողները ՀՀ քաղաքացի էլ չեն։ Հետեւաբար, եթե որեւէ մեկը ասի՝ ես ՀՀ քաղաքացի եմ, ինչ որ մի պահից սկսված կարող են այդ դիմումը հանել ու ասել՝ դու մեզ խաբել ես, քեզ քրեական պատասխանատվության պետք է ենթարկենք։ Սկզբում անձնագրայինում պաշտպանության տակ գտնվելու վերաբերյալ դիմումի մեջ «այլ» բառը չկար, գրված էր՝ որեւէ պետության քաղաքացի չէ, մինչդեռ կառավարության որոշման մեջ «այլ» խոսքը կար։ Այստեղ կարևոր է այն, որ կառավարությունը գիտակցում էր, որ եթե երկիմաստ չձևակերպեն, այլ գրեն այնպես, որ հաստատ լինի, որ այդ ձևակերպումը ՀՀ քաղաքացիությանն էլ է վերաբերվում, ուրեմն ստացվելու է, որ արցախցիներին քաղաքացիությունից զրկում են, այսինքն չթողնելով հետնահանջի ճանապարհ, ինչի դեպքում ստացվելու է, որ Հռոմի ստատուտով նախատեսված հանցագործությունն անմիջապես են կատարում։

Դրա համար իրենք երկիմաստ են գրել՝ որեւէ այլ պետության քաղաքացի չէ, այդ դեպքում անհրաժեշտության դեպքում կմեկնաբանվի, որ Հայաստանը չի մտնում «այլ պետության» մեջ։ Բայց եթե գրված է՝ որեւէ պետության քաղաքացի չեն, այդտեղ միանշանակ Հայաստանն էլ է ընդգրկվում։ Ես առաջինն եմ այդ հարցը բարձրացրել, ասել եմ՝ կառավարության որոշման մեջ «այլ» բառը կա, իսկ դիմումում «այլ» բառը չկա։ Հետո քանի որ մենք մարդկանց հորդորում էինք, որ՝ գնացեք բլանկի մեջ ձեր ձեռքով «այլ» բառը ձեռագիր ավելացրեք, անձնագրային ծառայությունը տեսավ, որ աղմուկ է բարձրանում, եւ բլանկի ձևը փոխեցին, որովհետեւ իսկապես որոշմանը չէր համապատասխանում։

Այսինքն՝ տարբեր մեխանիզմներ են ներդրվում ու կիրառվում՝ արցախցիներին ծուղակի մեջ գցելու համար։ Ընդ որում, օգտագործվում է նաեւ Արցախի ղեկավարությունը, վերջերս իրենք հայտարարություն են արել՝ եկեք մենք ձեզ օգնենք, դուք գնացեք քաղաքացիություն ստացեք։ Բայց որ Շահրամանյանին հարցրել են՝ դուք ՀՀ քաղաքացի՞ եք, պատասխանել է՝ այո։

Եվ այդ նրբությունը հասկացող գրեթե բոլոր մարդիկ ասում են, որ իրենք ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմում չեն գրել։ Հասկացող մարդիկ գիտեն, որ դիմում գրել նշանակում է Արցախից հրաժարվել, քաղաքացիական իրավունքներից հրաժարվել։

Իսկ գույքային իրավունքների հարցում մեզ եւս խորամանկորեն փորձում են խաբել, ասում են՝ գիտե՞ք, մենք ոչ թե գույքի փոխհատուցման հայց ենք ներկայանցում Միջազգային դատարան, այլ ներկայցում ենք իրավունքի ճանաչման հայց։ Բայց ՄԻԵԴ-ում նախադեպեր կան  (Demopoulos and Others v. Turkey, Xenides-Arestis v. Turkey, Papamichalopoulos and Others v. Greece), որտեղ ճանաչման հայցով հայցվորը դիմել է, սակայն դատարանն իր նախաձեռնությամբ գտել է, որ չնայած հայցվորը փոխհատուցման որեւէ պահանջ չի դրել, բայց քանի որ անհնար է այդ իրավունքից օգտվելը, դրա համար դատարանը թույլ է տալիս այդ իրավունքը սպառել ու դրա դիմաց գումար փոխհատուցել։ Այսինքն՝ անհնար է, որ այդ նախադեպի մասին չիմանան նրանք, ովքեր արցախցիներին այսօր հորդորում են ճանաչման հայցով դիմել ՄԻԵԴ։ Այսպիսով, նման եղանակով դարձյալ փորձում են Ալիեւի ձեռքերն ազատել, որ չասեն՝ այս տները արցախցիներինն են»,- նշեց Եգանյանը։

Ըստ նրա՝ այնպես են անում, որպեսզի հնարավորինս մեծ թվով արցախցիներ ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ բնակապահովման ծրագրից օգտվելու դիմումներ գրեն, որպեսզի այդպիսով արցախցիները նաև ավելի կառավարելի դառնան։ Շատերը լրացուցիչ վարկեր են վերցնում՝ բնակապահովման ծրագրից լիարժեք օգտվելու համար, եւ դա էլ լրացուցիչ կախվածության մեջ է գցում արցախցիներին։

«Մարդիկ մեկը մյուսին նայում են, տեսնում են՝ բոլորը գնում դիմում եմ գրում, ասում են՝ դե գնանք մենք էլ գրենք, մեկ է, Փաշինյանի ասածն է իրականացվում։ Եվ այսպիսով մի հոսք է ձեւավորվում, որը գնալով շատ կառավարելի է դառնում։ Եվ իշխանությւոնները հենց դրան են տանում, նպատակներից մեկն էլ հենց դա է, որ մթնոլորտ ստեղծեն, որտեղ բոլորը կհասկանան, որ մեկ է, ոչինչ չի փոխվելու։ Եվ ամենավատն այն է, որ արցախյան իշխանությունները, իմանալով, որ դա սխալ է, իրենք էլ են լծված այդ գործին»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան