Հիմա կաթողիկոսի եղբայրը КГБ գործակա՞լ է, թե՞ ոչ

  • 18:56 08.11.2025

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «ԿԳԲ-ի գործակալ է»՝ վկայակոչելով «մամուլում հայտնված» տեղեկությունները: 

Ինչպես պարզել է #CivilNetCheck-ը, «մամուլը», որին հղում էր անում վարչապետը, սահմանափակվում է իր ընտանիքին և կուսակիցներին պատկանող կայքերով, որոնք հրապարակել էին «անանուն նամակ»՝ առանց փաստական ապացույցների պնդելով, թե Եզրաս արք. Ներսիսյանը հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։

Վարչապետի աշխատակազմն այդպես էլ չի պատասխանել հարցերին։ 

“Ռուսական ագենտ” լինելու մեջ մեղադրելը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես ընդդիմադիր որոշ գործիչներին ազատությունից զրկելու արդարացում։ Թեկուզ սրբազաններին կամ Սամվել Կարապետյանին ներկայացված պաշտոնական մեղադրանքներում Ռուսաստանը չի նշվում, բայց իշխանամետ մամուլն ու քաղաքագետները “թաքուն” բոլորին բացատրում են, որ իրական մեղադրանքը՝ հենց ռուսական ագենտ լինելն է։

Միակ մարդը, որին անուղղակի նման մեղադրանք է ներկայացվել՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, որին մեղադրել են Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար՝ դրանք «որակելով» որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ։ Բայց կրկին Ռուսաստանի անունը չկա։

Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններն առ այսօր “պահպանում են” ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ զորքերը։ Այսինքն՝ КГБ-ն պաշտոնապես ոչ միայն ներկայացված է Հայաստանում, այլև պահպանում է մեր սահմանների անվտանգությունը։

Բացի այդ, ոչ ԽՍՀՄ փլուզումից, ոչ 2018 թվականից հետո Հայաստանում լյուստրացիա չի իրականացվել, առաջին հերթին՝ այն պատճառով, որ Ռուսաստանը երբեք Հայաստանին թշնամի երկիր չի ճանաչվել, և “ռուսական ագենտներն” էլ չեն ընկալվել որպես ոչ բարեկամ։

Այս կամ այն մարդուն “ռուսական ագենտ” անվանելն՝ առանց նրան պաշտոնական մեղադրանք ներկայացնելու միայն ապակողմնորոշում է մարդկանց, կեղծ տպավորություն ստեղծելով, որ Կառավարությունը պայքարում է ռուսական ազդեցության հետ։