Արցախյան շատ ընտանիքներում ոչ թե մեկ, մի քանի զոհեր կան

  • 16:05 09.11.2025

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվել են արցախցի Նուշիկ Ղարայանի որդին ու երկու թոռները։ Նրանց մարմիններն ամփոփոված են Եռաբլուրում՝ կողք կողքի։ Նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի օրը, Նուշիկ Ղարայանի ընտանիքը եւս Եռաբլուրում էր։ Արցախյան շատ ընտանիքներում ոչ թե մեկ, մի քանի զոհեր կան։ Եվ այս իրավիճակում արցախցիների համար ցավալի ու վիրավորական է, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական շրջանակները հայտարարում է, թե արցախցներն իբր չեն կռվել։

Նուշիկ Ղարայանի ընտանիքն ապրում էր Հադրութի շրջանում, ասում է՝ որդին թոշակի անցած զինվորական էր, բայց հենց պատերազմի առաջին օրը կամավոր մեկնեց, իսկ թոռները ժամկետային զինծառայող էին։

«Էդ ամենացավալի հարցն է մեր ընտանիքի համար, որ ասում են՝ արցախցիները չեն կռվել։ Առավոտ շուտ երեխեքը չսպասեցին, որ կանչեն, գնացին, թոռս՝ Դավիթն ասաց, ես պետք է այնտեղ լինեմ, նախորդ օրը ծնունդն էր, բաց էին թողել, տանն էր։ Բայց եկավ ասաց, որ վիճակը լավ չէ։ Ասում էին՝ մնայիք, ախր չգիտեմ՝ ինչ ձեւի ասեմ, նույնիսկ մենք՝ ես կամ հարսս չենք էլ մտածել ասել՝ այ բալա, սպասեք տեսնենք ինչ է լինելու, նոր գնացեք։  Ո՞նց կարայինք էդ բանը մենք ասեինք, իրենք էլ սկի չէին մտածի, որ հա, կարան սպասեն։ Սաղ էլ գիտեին, թե ինչ ձեւի են իրենք պայքարել»,- Նուշիկ Ղարայանը։

Թոռան՝ Վազգենի հերոսությունների մասին Նուշիկ Ղարայանը լսել է նրա հետ կռվին մասնակցած համագյուղացիներից։ Ադրբեջանցիների դիրքերին շատ մոտ են եղել, Վազգենն ասել է՝ «թող թուրքերը վախենան մեզանից, խի՞ պիտի մենք իրենցից վախենանք»։ Ադրբեջանցիները կոչ են արել հանձնվել, բայց չեն հանձնվել, փոխարենը իրենք էլ ադրբեջանցիներին կոչ արել հանձնվել։