
Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է արցախցիների քաղաքացիության հարցին։
2023 թվականի բռնի տեղահանությունից հետո ՀՀ կառավարությունն արցախցիներին բնակարանով ապահովելու համար որպես պարտադիր պայման է սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալը։ Այնինչ, արցախցիները պնդում են, որ իրենք վաղուց ՀՀ քաղաքացի են, քանի որ ունեն ՀՀ անձնագրեր։ Գագիկ Թավադյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունեին արցախցիները միչեւ 2023 թվականը, ի՞նչ է փոխվել հիմա, եւ ՀՀ իշխանությունների այս քաղաքականության հետեւանքով արցախցիների գույքային եւ մյուս իրավունքները ինչպես են վտանգվում։
«Օրակարգը, թե արցախցիները ՀՀ քաղաքացի չեն, այսօրվա իշխանությունների կողմից առաջ քաշված հերթական կեղծ օրակարգն է։ Այն, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են, նորմատիվ իրավական ակտերով է ամրագրված։ Մասնավորապես, 1989 թվականի դեկտեմբերի մեկին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդն ընդունել են Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին հայտնի որոշումը։ Նաեւ Անկախության հռչակագրի հիմքում է դրված այդ որոշումը, իսկ Անկախության հռչակարգին հղում է արվում ՀՀ Սահմանադրության նախաբանում։ Այդ որոշման երրորդ կետով սահմանված է, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։ Ի դեպ, այս որոշումը գործող որոշում է, գործող իրավական ակտերի դասակարգման մեջ է։ Իսկ Քաղաքացիության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում սահմանված է ՀՀ քաղաքացիության ճանաչումը, ասվում է, որ նրանք, ովքեր մշտապես բնակվել են ՀԽՍՀ տարածքում, ՀՀ քաղաքացի են։ Իսկ քանի որ 1989 թվականի որոշման մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները, հետեւապես այս հիքմով արցախցիներն օրենքի ուժով ՀՀ քաղաքացիներ էին ու քաղաքացիներ են»,- ասաց Գագիկ Թավադյանը։
ՀՀ իշխանությունները հայտարարել էին, թե ՀՀ անձնագրերն արցախցիներին տրվել էին ճամփորդական նպատակով։ Գագիկ Թավադյանի խոսքով՝ դա հերթական մանիպուլյացիան է, որովհետեւ արցախցիներն այդ անձնագրերով հանդես են եկել որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ։ Միակ սահմանափակումն այն է եղել, որ արցախցիները ՀՀ-ում չեն մասնակցել համապետական ընտրություններին։ Դա էլ, ըստ փաստաբանի, պայմանավորված է եղել նրանով, որ Արցախում ընտրատեղամաս չի գործել, եթե գործեր ընտրատեղամաս, արցախցիները կարող էին մասնակցել նաեւ համապետական ընտրություններին։ «2021 թվականին եղել են դեպքեր, երբ 070 կոդով անձնագրով արցախցիները մասնակցել են նաեւ ՀՀ խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշումը չի կարող օրենքի ուժով ՀՀ քաղաքացի հանդիսացող արցախցիներին զրկել քաղաքացիությունից, հատկապես որ ՀՀ-ում քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ չկա։ Եթե քաղաքացին չի հրաժարվում իր քաղաքացիությունից, այդպիսի ընթացակարգ չկա, որ կարող են զրկել քաղաքացիությունից։ «Իսկ կառավարության այդ որոշումը արցախցիների իրավունքները զանգվածային կերպով կոպտորեն խախտող իրավական ակտերից մեկն է։ Եվ բնականաբար, եթե լինի իշխանափոխություն, այս դրվագով եւս պետք է իրականացվի քննություն։ Սա, իմ գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգի տապալում, որովհետեւ գրեթե 140 հազար քաղաքացու զրկել են իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունից»,- նշեց Գագիկ Թավադյանը։
Նրա խոսքով՝ անկախ նրանից, արցախցիները կլինեն ՀՀ քաղաքացի, թե քաղաքացիություն չունեցող անձ կամ այլ պետության քաղաքացի, ունենք արձանագրված փաստ, որ արցախցիների անշարժ գույքն ամբողջությամբ մնացել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Այսինքն՝ բռնագաղթից հետո արցախցիներն իրենց սեփականությունը տնօրինելու ու օգտագործելու որեւէ լիազորություն չունեն։ Անկախ նրանից, թե իրենք որ երկրի քաղաքացի կլինեն, ոչ ոք չի կարող արցախցիներին զրկել իրենց սեփականության իրավունքից։
«Նրանք իրավունքներ ունեն, ուղղակի հայտնի հանգամանքների բերումով այս պահին զրկված են այդ իրավունքներից։ Հետեւապես, արցախցիները կարող են եւ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, նաեւ դիմել են միջազգային դատարաններ ու փորձում են գոնե փոխհատուցում ստանալ իրենց կորցրած գույքի համար։ Հայաստանի ներկայիս իշխանությունները կարող է ներքին լսարանի համար փորձեն ներկայացնել, թե սեփականությունից չակերտավոր զրկելու գործողությունն արել են, որպեսզի արցախցիներին կարգավիճակ ու օգնություն տան։ Բայց արցախցիներին ոչ թե փախստականի կարգավճակ են տվել, այլ ժամանակավոր պաշտապանության տակ վերցված անձի կարգավիճակ, այս պայմաններում որեւէ նշանակություն չուներ՝ անձը քաղաքացիություն ուներ, թե չուներ։ Նույն ՀՀ տարածքում բնակվողն էլ, եթե տեղահանվեր՝ որպես ներքին տեղահանված, ինքը կարգավիճակ կստանար եւ կարող էր օգտվել նյութական օժանդակություններից»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունը, Գագիկ Թավադյանը պատասխանեց․ «Արտաքին նպատակների մասին այս պահին զերծ կմնամ խոսել։ Հետագայում, երբ այս իշխանությունների կատարած արարքները քննող իրավասու մարմինը քննություն իրականացնի, մանրամասները կպարզի, թե ովքեր են արտաքին շահառուները։ Իսկ ներքին շահառուները, բնականաբար, գործող իշխանություններն են, քանի որ արցախահայերին քաղաքացիությունից զրկելու նպատակներից մեկը եղել է այն, որ համապետական ընտրություններին մասնակցելուց զերծ պահեն՝ հաշվի առնելով, որ արցախցիներն իրենց ընտրազանգվածը չեն։ Պատճառներից մեկն էլ այն է, որ այդ մարդկանց անընդհատ զբաղեցրած պահեն, ամիսներով ու տարիներով մարդիկ կանգնած մնան հերթերում, փաստաթղթային հարցերով զբաղվեն։ Այս քաշքշուկի մեջ փորձում են մարդկանց զբաղեցրած պահել, որպեսզի արդար պահանջատիրության ձայնը լռեցնեն ու հնարավորություն չտան մտածել, պահանջել պատասխաններ, թե ինչու այսպես եղավ»։
Ռոզա Հովհաննիսյան