
Ադրբեջանից Թուրքիա երեկ ուղեվորված թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի Վրաստանում կործանումը կարող է աշխարհաքաղաքական երանգներ ստանալ, եթե պարզվի, որ ինքնաթիռի կործանումը օդաչուների կամ եղանակային պայմանների մեղքով չէր։
Լրատվամիջոցներն արդեն հաղորդում են, որ ինքնաթիռի թռիչքի պահին եղանակը անամպ էր, և որ թուրքական իշխանությունները վթարի վայր են ուղարկել հատուկ անօդաչու թռչող սարք՝ «վթարի պատճառը» պարզելու համար։ Չնայած Վրաստանում գործ է հարուցվել օդաչուների մեղքը մատնանշող հատկանիշներով, ինտերնետում արդեն ակտիվորեն քննարկվում են տարբեր տեսություններ և զուգահեռներ են անցկացվում։
Զուգահեռը առաջին հերթին վերաբերում է 2024 թվականի մայիսին Իրանի նախագահ Ռաիսիին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխող ուղղաթիռի կործանմանը։ Ուղղաթիռը, նույնպես պարզ եղանակին, Ռաիսի-Ալիև հանդիպումից հետո Խուդաֆերին կամրջի մոտ ուղեվորվել էր Ադրբեջանից Իրան։ Այն ժամանակ Թուրքիան նույնպես իր հայտնի անօդաչուն ուղարկել էր ուղաթիռը որոնելու։ Իրանը ուղղակիորեն չի մեղադրել Ադրբեջանին, պաշտոնապես վթարի պատճառը համարելով եղանակային պայմանները։ Այնուամենայնիվ, իրանական սոցիալական ցանցերում երբեմն հայտնվում են ակնարկներ, որ ուղղաթիռը խոցվել է։ Այս ակնարկները ավելի ակտիվացան 2025 թվականի հունիսին Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմից հետո, երբ Թեհրանը սկսեց խոսել Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքի օգտագործման մասին: Իրանը կտրուկ դեմ էր արտահայտվում Հայաստանով թուրքական միջանցքի բացմանը։ Սակայն հունիսյան պատերազմից երկու ամիս անց Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում համաձայնագիր ստորագրեցին հաղորդակցությունները բացելու մասին, ինչը մինչ օրս բախվում է լուրջ խոչնդոտների:
Երկրորդ միջադեպը, որի հետ զուգահեռներ են տարվում, 2024 թվականի դեկտեմբերին Չեչնիայի տարածքում ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից խոցված ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռն է։ Ինքնաթիռը կարողացել է հասնել Ղազախստան, սակայն վայրէջքի ժամանակ մոտ 40 մարդ մահացել է։ Վերջերս լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվել, որ թիրախը իրականում Ալիևի ինքնաթիռն էր, որը պետք է թռչեր Ռուսաստան, բայց ստացել էր հնարավոր մահափորձի մասին նախազգուշացում։ Դրանից հետո Պուտինի և Ալիևի միջև հակամարտություն է սկսվել, որը վերջերս հաջողությամբ ավարտվել է. պարզվել է, որ Պուտինը Ալիևին տեղեկություններ է փոխանցել Բաքվում նախապատրաստվող դավադրության մասին (Մեհդիևի գործը)։ «Հաշտեցումից» հետո Վրաստանն ու Ադրբեջանը բացել են իրենց երկաթուղիները Ռուսաստանի համար, ինչը “զրոյացնում է” Հայստանյան “միջանցքի” նշանակությունը։
Ի՞նչ հետևանքներ կունենա, եթե պարզվի, որ թուրքական ինքնաթիռը դիտավորյալ է խոցվել Վրաստանում։ Ո՞մ կառաջադրվի մեղադրանք, և կարո՞ղ է այս միջադեպը սրացում առաջացնել տարածաշրջանում՝ շարունակվող փոփոխությունների ֆոնին, մասնավորապես՝ տարածաշրջանը Հայաստանի միջոցով ապաշրջափակելու փորձերի։