
Արծվաշենի մասով սցենարների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ չի կարող հրաժարվել ինքնիշխան տարածքներից և տարածքային ամբողջականության վերականգնման օրակարգից և սոցիալական ցանցերում իր գրառումը հաստատել է ակնհայտը։ Փաշինյանը կարծում է, որ Արծվաշենի հարցը կարելի է լուծել սահմանազատման գործընթացի միջոցով։
Նրա խոսքով՝ սահմանազատման արդյունքում պետք է վերականգնվի երկրների տարածքային ամբողջականության ուրվաագիծը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանից հետո կքննարկվեն բոլոր հնարավոր կոմբինացիաներն ու վարիացիաները։
«Քննարկվում է, որ նույն Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարներով գնալ՝ առանց Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտման։ Եթե խոսքը գնա տարածքի փոխանակման մասին, ապա առանց Հայաստանի քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել։ Նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, միևնույն է, առանց Հայաստանի քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ», – եզրափակել է նա։
Եթե “խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի”, ապա ինչպե՞ս է կռավարությունն իմանալու քաղաքացիների կարծիքը։ Փաշինյանը, փաստորեն, չի բացառում, որ ոչ հանրաքվեով կարող է տարածքի հարց լուծի։ Ինչպես դա արվել է Կիրանցում, երբ քաղաքացիներն այդպես էլ չիմացան, թե “սահմանազատման” տակ ինչ իրավա-քարտեզային հիմք կա։