Արցախի թատրոնը և «Դիալոգ» կազմակերպությունը․ վերադարձ

  • 23:22 13.11.2025

Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է ականավոր թատերական գործիչ Կարո Ալվարյանի կողմից: Այն բացվել է 1932 թվականի օգոստոսի 11-ին՝ «Օղակի մեջ» ներկայացմամբ: Ավելի քան 90 տարի թատրոնը շարունակել է իր գործունեությունը, մնալով Արցախի հիմնական մշակութային կենտրոններից մեկը։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի օկուպացիայից և բնակիչների բռնի տեղահանումից հետո Վահրամ Փափազյանի անվան թատրոնը հայտնվել է առանց միջոցների և մինչ օրս չի կարողացել շարունակել իր գործունեությունը Հայաստանում։

Վերջերս «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել թատրոնին ստեղծագործական գործունեությունը վերականգնելու գործում։

Նոյեմբերի 12-ին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացրել է «Արցախյան սիրո հեքիաթը» ներկայացման պրեմիերան՝ հիմնված Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործության վրա, բեմադրված ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի կողմից: Ներկայացումը անշլագով է անցել:

Հայաստանում «Դիալոգ» ՀԿ-ի խորհրդական Ելենա Շուվաևան նշեց, որ կազմակերպության աջակցությամբ իրականացվում են նաև այլ արցախյան նախաձեռնություններ:

Դրանց թվում են «Քիրս» մշակութային և կրթական հիմնադրամը, «ԴիզակԱրտ» մշակութային կենտրոնը և Տիգրան Լալայանի գլխավորած «Արցախի ջազ բենդը»։ Կազմակերպությունը համագործակցում է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հետ՝ օժանդակելով Արցախի պատմամշակութային ժառանգությանը նվիրված աշխատությունների հրապարակմանը, որոնք մշակվում են գիտնականների և հոգևորականների կողմից: Բացի այդ, կազմակերպությունն աջակցում է հայտնի հնագետ Համլետ Պետրոսյանի գլխավորած «Artsakh Monument Watch»-ին: Կենտրոնի կայքում տեղադրվում է Արցախի բոլոր պատմամշակութային հուշարձանների ակադեմիական ցանկը:

«Գրքային դիվանագիտություն» նախագիծը հրատարակում է հայ և ռուս գրողների գրքեր՝ նվիրված Հայաստանի և Արցախի պատմությանը: Արդեն հրատարակվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև պատմական պայմանագրերի եռահատոր ժողովածուն: Կազմակերպությունը նաև աջակցում է միակ ռուսալեզու գրական ամսագրին՝ «Գրական Հայաստան»-ին։

««Դիալոգ» հասարակական կազմակերպությունը օգնում է արցախցիներին պահպանել և պաշտպանել արցախի մշակութային ժառանգությունը: Այսօր՝ օկուպացիայի պայմաններում, այս աշխատանքը հատկապես կարևոր է: Մեր աշխատանքի երկրորդ կարևոր ոլորտը ռուս-հայ մշակութային երկխոսության զարգացումն է», – ընդգծեց Ելենա Շուվաևան։

Ադվարդ Գրիգորյան