Աննա Առուստամյան. «Մենք փորձում ենք գոյատևել և պահպանել մեզ»

  • 09:21 14.11.2025

Աննա Առուստամյանը հոգեբան, երգչուհի և նկարիչ է։

Հարկադիր տեղահանումից հետո նրա ընտանիքը, ինչպես հազարավոր այլ արցախյան ընտանիքներ, բախվել է բազմաթիվ սոցիալական և հոգեբանական դժվարությունների։

«Ամենադժվարը վարձավճարն ու առօրյա ծախսերն էին։ Ես փորձում էի աշխատանք գտնել, բայց ստացած եկամուտը նույնիսկ չէր ծածկում տան վարձավճարը։ Միևնույն ժամանակ, ես ստիպված էի կատարել այնպիսի պարտականություններ, որոնք չէին մտնում իմ աշխատանքային նկարագրության մեջ։ Աշխատանք գտնելը մի բան է, բայց գործատուների վերաբերմունքը իրենց աշխատակիցների նկատմամբ՝ բոլորովին այլ բան», – ասում է Աննան։

Ըստ նրա, շատ երիտասարդ տեղահանվածներ դժվարանում են հարմարվել։

«Տեղացի երիտասարդները ինչ-որ կերպ առաջ են մղում իրենց շահերը, բայց մենք այլ մտածելակերպ ունենք։ Մենք պետք է փոխենք մեր մեջ ամեն ինչ՝ հարմարվենք տեղական կյանքին, հաղթահարենք պատերազմների, շրջափակումների, հարկադիր տեղահանության և Հայաստանի դժվարությունների տրավմաներն ու սթրեսը։ Մենք ապրում ենք Արցախի, կորցրած տան հիշողություններով և այն հույսով, որ կվերադառնանք։ Հարմարվողականության գործընթացը ցավոտ է»։

Աննան ցավով նշում է, որ տուն ունենալու երազանքը շատ արցախցիների համար մնում է անիրականանալի։
«Բնակարանային ծրագրի շրջանակներում տրված վկայականները չեն արտացոլում բնակարանների իրական գները։ Հետևաբար, մարդիկ ստիպված են լինում կատարել ցանկացած աշխատանք՝ միայն վարձը վճարելու համար։ Մեզանից շատերը չեն ուզում հեռանալ. մենք ուզում ենք ապրել հայկական միջավայրում, մեր հարազատների մեջ»։

Ընտանիքը պահելու համար Աննան աշխատում է երկար ժամեր, ինչը քիչ ժամանակ է թողնում իր սեփական փոքր բիզնեսը զարգացնելու համար։ Այնուամենայնիվ, նրան հաջողվել է ստեղծել իր սեփական ապրանքանիշը՝ «Ականատես»-ը, որը արտադրում է հագուստ՝ սեփական դիզայնով, հայկական թեմաներով։ Նրա աշխատանքներն ու երգերը կարելի է տեսնել սոցիալական ցանցերում https://www.instagram.com/akanatesy/profilecard/?igsh=MTA0amFlNzRlYWtkdw==։

Աննան երազում է, որ մի օր այս դժվար ժամանակները կավարտվեն, և արցախցիները, ինչպես նաև բոլոր հայերը, հնարավորություն կունենան ապրելու, ստեղծագործելու և զարգանալու իրենց սեփական հողում։

Ալվարդ Գրիգորյան