Ընդդիմություն․ ի՞նչ է զգում Փաշինյանը, երբ Բաքվում հայ գերիներին ցմահ ազատազրկում է սպառնում

  • 13:06 14.11.2025

ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատգամավորներն անդրադարձան Բաքվում ընթացող շինծու «դատավորություններին», որոնց շրջանակներում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը հերթական խայտառակ հայտարաություններն արեց Արցախի վերաբերյալ, որ Արցախը թոկ էր, Արցախը ֆեյք էր։ Եվ հենց այդ նույն ժամերին Ադրբեջանում դատախազը Արցախի ղեկավարության համար պահանջում էր ընդհուպ մինչեւ ցմահ, 20 տարի ժամկետով դատապարտում։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր Արցախի վերածննդի հրապարակում հայտարարել՝ Հայաստանի Հանրապետությունն է Արցախի Հանրապետության ընտրությունների լեգիտիմության երաշխավորը։ Ինքը խղճի խայթ չի զգո՞ւմ, ի՞նչ է զգում այդ ամենի հետ կապված»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ Արցախի կորստից հետո հաջորդ ցավալի ապտակը դա Բաքվում ընթացող կեղծ «դատավորություններն» են։ «Դատավարություններ, որտեղ այսօր մեղադրյալի աթոռին նստած է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաեւ պահվող այլ անձինք։ Եվ Բաքվի կողմից կա ցմահ դատապարտման, 16-19, 20 տարի դատապարտելու պահանջ։ Դրան զուգահեռ Հայաստանի իշխանությունների կողմից կա պղծության հասնող ուրացում, երբ այսօր ցեղասպան Բաքվում կեղեքվում եւ դատվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ, ովքեր նաեւ Հայաստանի անվտանգության ու անկախության համար են զոհասեղանին հայտնվել»,- ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ թվում է, թե ՀՀ թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքականության օրակարգում հայ գերիների վերադարձի հարցը պետք է լիներ առաջնահերթություն։ «Եվ հակառակ մի շարք պնդումների, որոնք կատարվել են ԱԳ նախարարի կողմից, թե իրենք բոլոր միջազգային ամբիոններն օգտագործում են գերիների վերադարձի համար, բայց ունենք զրո արդյունք։ Եվ ավելին, քաղաքական մեծամասնության կողմից հայտարարություններ են արվում, որ իրենց օրակարգը լրիվ այլ է։ Ապացույցն այստեղ անցկացված Եվրանեսթի աշնանային նստաշրջանն էր, որտեղ քաղաքական մեծամասնության պատգամավորները պարզապես մերժեցին միանալ ընդդիմադիր պատգամավորների առաջարկին, որը վերաբերում էր նաեւ գերիների անհապատ ազատ արձակմանն  ու վերադարձին։ Արցախի քաղաքական ղեկավարության եւ ընդհանրապես գերեվարված հայ մարդկանց ճակատագիրը բացարձակապես քաղաքական օրակարգ չէ ՀՀ համար։ Ավելի ոչ բարոյական վարքագիծ Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից Արցախի ուրացումից հետո դժվար է պատկերացնել»,- հավելեց Լիլիթ Գալստյանը։

Հայաստանի իշխանությունները խորապես մտահոգված են Բաքվում ընթացող դատավարություններով և դրանց բովանդակությամբ։ Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի դատախազի կողմից Լեռնային Ղարաբաղի ղեկավարների համար պահանջվող ազատազրկման ժամկետները։

«Մենք հույս ունենք, որ խաղաղության գործընթացը կմտնի ավելի կայուն հուն։ Արդյունքում կստեղծվի մեր հայրենակիցների վերադարձին նպաստող մթնոլորտ», – ասել է նա։

Հովհաննիսյանը կարծում է, որ խաղաղության մթնոլորտը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի գերիների վերադարձի համար։ Նա վստահեցրել է, որ իշխանությունները ամեն օր աշխատում են նրանց վերադարձն ապահովելու ուղղությամբ. այս հարցը նրանց համար առաջնահերթություն է։