Taia Toys․ Հաճույք էի ստանում, երբ փոքրիկները խանդավառվում էին նվերներից

  • 16:07 14.11.2025

Մարինա Իսրայելյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ Չորս երեխաների մայր է։ Ձեռագործությամբ զբաղվում էր դեռևս Արցախում։ Մանկուց էր նրա մեջ շնորհք նկատվում դեպի ձեռքի աշխատանքները։ Երևակայությունը միշտ վառ էր, իսկ գեղեցիկ իրեր ստեղծելու ցանկությունը՝ մշտարթուն։

Տեղահանությունից հետո բազմազավակ մայրը որոշեց իր հոբբին վերածել եկամտի աղբյուրի։

-2023 թվականին Արցախից տեղահանվելուց հետո իմ մեջ մտահղացում առաջացավ օգտագործել շնորհքս ու փորձել առաջին քայլերն անել բիզնեսում։ Սկսեցի գործել ձեռագործ խաղալիքներ ու հանել վաճառքի։ Միշտ էլ սիրել եմ գործել ու ուրախություն պատճառել մարդկանց։ Արցախում ևս խաղալիքներ էի գործում, բայց միայն նվիրելու համար։ Հաճույք էի ստանում, երբ փոքրիկները խանդավառվում էին նվերներից ու դրական արձագանքում։

Ընտանիքիս հոգսերը փոքր-ինչ թեթևացնելու համար մտածեցի, որ ես ևս կարող եմ եկամուտ բերել, ու հենց դա էր պատճառը, որ ստեղծեցի իմ <<Taia Toys>> բրենդը։

Իհարկե, արդեն ավելի մեծ պատասխանատվությամբ սկսեցի աշխատել։ Փորձում եմ այնպես անել, որ պատվիրատուներս գոհ մնան իմ խաղալիքներից, ու դա ինձ մոտ ստացվում է։ Յուրաքանչյուր պատվերի անհատական մոտեցում եմ ցուցաբերում, խորհրդակցում պատվիրատուների հետ, լսում նրանց կարծքիները, տեղեկանում նրանց ճաշակի մասին։

Այն փաստը, որ իմ ձեռագործ աշխատանքները սիրված են ու պահանջարկ ունեն, ինձ ոգեշնչում է, պարտադրում  գործել նոր եռանդով ու ստեղծել նոր գործեր։ Վաճառքն իրականացնում եմ օնլայն եղանակով, առաքումը՝ փոստային։ Իմ խաղալիքները բացարձակապես հակաալերգիկ են, անվտանգ, քանի որ օգտագործում եմ միայն որակյալ նյութեր։

Կարինե Բաշխիյան