
Նոյեմբերի 13-ին Երևանի Թումանյանս Արտ սրճարանում տեղի է ունեցել արցախցի բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանի (գրական անունը՝ Նեմրութ) գրքի շնորհանդեսը, որը կոչվում է <<19-րդ օրը>>։ Հեղինակն ընթերցողին է ներկայացրել իր հերթական ժողովածուն, որը նվիրված է Արցախին։ Բանաստեղծությունների միոջոցով նա ներկայացրել է իր մանկությունը, Արցախում ապրած օրերը, երազանքները, անպատում կարոտն ու սպասումները, իսկ գրքի վերնագիրը՝ հենց այնպես չէ ընտրված։ Հեղինակն ի նկատի ուներ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։
Միջոցառմանը ներկա էին գրողներ, գրականագետներ Արցախից և Հայաստանից։
Բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել գրքի խմբագիր, արցախցի գրող Հերմինե Ավագյանը, ինչպես նաև նա վարել է միջոցառումը, որն ընթացել է անմիջական ու հաճելի մթնոլորտում, պոեզիայի ու գրքի շուրջ։
Ժողովածուի մասին կարծիքներ են հայտնել <<Արմավ>> հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը, գրող-արձակագիր, բանաստեղծ, Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը, արձակագիր-սցենարիստ Արմինե Բոյաջյանը։
Միջոցառումը համեմվել է արցախցի երաժիշտ Արարատ Առստամյանի ազգային-հայրենասիրական կատարումներով։ Ներկաները ընթերցել են գրքի իրենց սիրած բանաստեղծությունները, փոխանակվել կարծիքներով։ Գրական երեկոն ամփոփվել է հեղինակի սրտի խոսքով։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ